
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը գրում է. «Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա: Տարիներ արդեն:
Չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանն ի սկզբանե վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները: Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա բոլոր հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել ու ցավոտ է դարձել այդ պետության մասին մեր հիշողությունը:
Աքսիոմատիկ է՝ Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:
Ի՞նչ անել: Ուժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: Ուժ գտնել՝ կորցրածով բավարարվելու ու ինքնակործան այս թափանիվը մի կերպ կանգնեցնելու: Ուժ գտնել՝ ինքներս մեզ ու մեր ունեցածը ճիշտ գնահատելու՝ վանելու մեր մտքից գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ: Նորից երազելու, բայցև գետնից չկտրվելու: Ուժ գտնել՝ առժամանակ լռելու, իրար հասկանալու, իրար ներելու ու իրար սիրելու: Միտք գտնել՝ բանաձևելու Հայրենիքի, մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը:
Ըմբռնել ու արժանապատվությամբ իմաստավորել տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը»: