Դրսում ապրող ձեր ընտանիքի անդամի ուղարկած գումարից էլ եք հարկ վճարելու և ոչ միայն

Օրեր առաջ ՊԵԿ-ը ներկայացրել էր, թե ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր:

Նշենք, որ 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

ՊԵԿ-ից հայտնել էին, որ այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է, և որ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․
2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։

2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։

2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Ղազարյանը նշել է, որ 720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի, և մատչելի ներկայացրել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պետք է ձեռնարկի և ինչ խնդիրներ կան այստեղ: Եվ այսպես:

Ինչ պետք է անեն նույնականացման քարտ չունեցողները և ինչպես պետք է լրացնել

«Եթե չունեք նույնականացման քարտ ID ապա շտապեք հերթագրվել անձնագրայիններում, ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ ( Viva, Ucom, Team…) և իրենց օգնությամբ ստանում էլեկտրոնային ստորագրություն (mID):
Այնուհետև մոտենում եք այն բանկ կամ բանկեր, որտեղից ձեր աշխատավարձն եք ստանում կամ այլ փոխանցումներ (կարճ ասած քանի բանկ ու հաշիվներ ունեք) վերցնում եք քաղվածքը/ները, որտեղ երևում է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ի շարժը:

Այնուհետև ՊԵԿ-ի կայքով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելով սկսում եք լրացնել:
Երկու տեսակի դաշտեր են առկա՝ Հարկվող եկամուտներ և Չհարկվող եկամուտներ:

Առաջին, Հարկվող եկամուտներ պատուհաններում լրացվում է կամ արդեն ինքնաշխատ ասել է թե ավտոմատ կերպով լրացված կտեսնեք, եթե գրանցված աշխատել եք և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է, կամ քաղիրավ պայմանագրով եք աշխատռծ կրկին դիմացի կողմի հաշվապահը փոխանցել է ձեր հարկերը:

Երկրորդի՝ Չհարկվող եկամուտներ դաշտում լրացնելու եք ԻՆՔՆՈւՐՈւՅՆ:

Այստեղ լրացնում եք բանկի քաղվածքով երևացող բոլոր +ները, ավելի պարզ ասած՝ ինչքան ձեր քարտին կամ հաշվեհամարին գումար են փոխանցել….(այ էստեղ տեղին է բարկանալը, բայց շարունակեք կարդալ) ինչ գրեք այս դաշտում ՊԵԿ-ը հարկ չի պահանջի դրանց համար, բայց եթե կասկածելի մեծ ու պարբերաբար ստացված գումարներ եղան հաստատ ձեզ կհիշեն»,-մանրամասնում է Տաթև Ղազարյանը:

Ինչ խնդիրների կարող են բախվել քաղաքացիները

«Եթե, օրինակ, որոշեք որևէ մեկի բուժման համար գումար փոխանցել հիշեք, որ հայտարարագրելու եք, կամ որ ընկերներով սրճարան եք գնում և ձեր մյուս ընկերոջը փոխանցում հաշվի վճարը նա այլևս հայտարարագրելու է:

Կամ որ ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով նա պետք է հայտարարագրի:

Եթե պարտքով գումար եք տվել որևէ մեկին, օրինակ, 50.000 դրամ և նա վերադարձնում է նույնչափ, ապա հայտարարագրում եք, բայց հարկ չեք վճարում դրանից, իսկ եթե ավելացված %—ով է վերադարձնում, ուրեմն հարկ եք վճարելու:

Գանք ավելի տիպիկ հայկական խնդրին: Պարզ է, որ բնակչության մեծամասնությունն ունի սփյուռքում բարեկամներ կամ հենց ընտանիքի անդամներ, ովքեր հաճախ կամ հազվադեպ գումար են ուղարկում Հայաստանում բնակվող բարեկամին, ընտանիքին և այլն:

Ուրեմն 2026 թվականին, երբ կներկայացնեք այս տարվա 2025-ի հայտարարագիրը, սկսելու եք հարկ վճարել պետությանը ձեր դրսում ապրող ընտանիքի անդամի կողմից ուղարկված գումարից: ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ 2025-ի հունվարի 1-ից սկսած արդեն ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ՁԵԶ:
Ահա 2024-ի ընթացքում ստացածի համար ՊԵԿ-ը բարի է գտնվել և միայն պահանջում են զուտ հայտարարագրեք, բայց գումար չի գանձի:
Նախ դրսում ապրողը բարեկամը աշխատում և այդ պետությանը վճարում է հարկ, իսկ իր խնայողություններից ուղարկում Հայաստանում ապրող բարեկամին, էլ ինչու են այստեղ նորից այդ գումարը հարկում:

Հետո ՊԵԿ-ը պատճառաբանում է, թե նպատակն ավելի շատ հարկ հավաքագրելը չէ, այլ քաղաքացիներից ֆինանսական ինֆորմացիա ստանալը:

Բա էդ դեպքում ինչու՞ օրենսդրորեն փոփոխություն մտցրին և բոլոր բանկերում ստացան գաղտնիության տվյալների մուտքի արտոնություն, էսպես, թե էնպես տեսնում եք էս ամենն ինչի՞ համար է»,-եզրափակում է ֆեյսբուքյան օգտատերը:

Տեսանյութեր

Լրահոս