
Քլինթոնը, Բուշը եւ Օբաման չեն մասնակցի Թրամփի երդմնակալական ճաշին. NBC

ԱՄՆ նախկին նախագահները՝ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը եւ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, հունվարի 20-ին չեն մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալական ճաշին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ Օբաման եւ Քլինթոնը արդեն ճաշի հրավերն ստացել են, սակայն չեն նախատեսում մասնակցել։ Հրավեր է ուղարկվել նաեւ նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, բայց նա եւս հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։ Բուշ-կրտսերի ներկայացուցիչները NBC-ին հայտնել են, որ տեղեկացված չեն հրավեր ստանալու մասին։
Այնուամենայնիվ, բոլոր երեք նախկին նախագահներն էլ կայցելեն Թրամփի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի, նշել է NBC-ն։ Սովորաբար պետության նոր ղեկավարի երդմնակալական խոսքից հետո նախագահը, որի լիազորություններն ավարտվել են, հեռանում է Վաշինգտոնից։ Իսկ նոր նախագահը նախորդին հրաժեշտ տալուց հետո վերադառնում է Կապիտոլիում, որտեղ տրվում է երդմնակալական ճաշ, որի ավանդույթը դրվել է 1953թ. ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից։