«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2006 թ. հունվարի 12-ի N 73Ն որոշման մեջ: Ներկայում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է:

Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարն այն է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն: Իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ:

Սա հաշվի առնելով՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները:

Նախագծով սահմանվում է միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման նոր ժամկետ՝ 1 տարի 6 ամիս: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետ»:

Տեսանյութեր

Լրահոս