Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հեռացող Բայդենի վարչակազմի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրում

Օրերս հավանություն տալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծին, ՀՀ իշխանություններըՄիացյալ Նահանգների, մասնավորապես՝ հեռացող Բայդենի վարչակազմի հետ ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այդպիսով, ըստ էության, փորձելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացն անշրջելի դարձնել։
Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տարածվում էին տեղեկություններ, որ առաջիկայում այս համաձայնագիրը ստորագրվելու է, սակայն այդ լուրերը հաստատվեցին միայն այսօր առավոտյան, երբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ հունվարի 14-ին, ժամը 22:00-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Նախօրեին տեղեկացանք, որ հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Վաշինգտոնում:

ԹեևՀայաստանում արևմտամետ շրջանակները (նրանց ավելի ճիշտ է կոչել հակառուսական շրջանակներ) լրջորեն գերագնահատում են այս համաձայնագրի քաղաքական, անվտանգային նշանակությունը, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սրանով հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրանում են որոշակիորեն նոր մակարդակի, դիվանագիտությանը հնարավորություն տալիս սեփական շահերն առաջ մղել ավելի լայն գործիքակազմով ու հնարավորություններով։

Սակայն հարցերը շատ են՝ ինչպե՞ս հայ-ամերիկյան հարաբերություններում այս նոր հանգրվանը կանդրադառնա հայ-ռուսական, հայ-իրանական, ՀՀ-ԵԱՏՄ կապերի և ռեգիոնալ անվտանգության միջավայրի վրա։ Մյուս կարևոր հարցը, թե որքանո՞վ ներկայիս իշխանությունները կկարողանան և կցանկանան առաջ մղել Հայաստանի շահերը: Վերջին տարիներին ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու դրա արդյունքները, թերևս, բավարար են հասկանալու համար, թե հայկական կողմից ինչ սպասել։ Եվ ևս մեկ հարց, որը վերաբերում է ամերիկյան կողմին․ ՀՀ իշխանությունները համաձայնագիրը ստորագրում են Բայդենի վարչակազմի հետ՝ Բլինքենի պետքարտուղարության հետ։ Ինչպե՞ս կվարվի հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմն այս փաստաթղթի հետ, հայտնի չէ որևէ մեկին։

Այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս փաստաթղթի վերաբերյալ կարևոր նկատառում արեց՝ ասելով, որ գլխավորն այն չէ, թե ԱՄՆ-ի հետ ինչ համաձայնագիր է ստորագրվում, կարևոր է, թե ինչ է այն ենթադրելու։

Կարդացեք նաև

Լավրովն ուղիղ նշեց, որ ՀՀ-ից պահանջելու են միանալ երրորդ երկրների դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի և Իրանի մասին է։

Մեզ հետ զրույցում վրացի դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Հայաստանն ինտենսիվ կերպով զարգացնում է կապերն Արևմուտքի հետ՝ չնայած ԵԱՏՄ անդամակցությանը։ Նրա խոսքով, ՀՀ-ն ցանկանում է,ամենայն հավանականությամբ, անվտանգային դեֆիցիտը՝ թե քաղաքական, թե ռազմական, լրացնել Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելով։

«ԵՄ անդամակցությունը երկար ճանապարհ է, որն ուղեկցվում է դժվարություններով, խնդիրներով, ինչը տեղի ունեցավ Վրաստանի պարագայում։ Վրաստանի պարագայում կար նաև ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ 2009 թվականից, սակայն անցյալ տարի ԱՄՆ-ը այն դադարեցրեց վերջին իրադարձությունների պատճառով։

Վրաց իշխանություններն իրենք դադարեցրին ԵՄ ակտիվ անդամակցության գործընթացը։ Սակայն պետք է ասել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը տալիս է հնարավորություն զարգացնել սեփական կարողությունները նաև անվտանգության ոլորտում։ Առանցքային է, իհարկե, տեսնել, թե փաստաթուղթն ինչ ոլորտներ է ներառում, ինչ հանձնառություն է ներառում կողմերից, սակայն սա այն մակարդակն է, որը տալիս է լայն հնարավորություններ։ Իսկ մնացածը կախված է կողմերից և նրանից, թե յուրաքանչյուրն ի՞նչ բովանդակություն կդնի այս փաստաթղթի հիմքում։ Դա էլ իր հերթին կախված է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակից ու կողմերի շահերից։ Այս իրավիճակում է՛լ ավելի բարդ է աշխարհաքաղաքական շրջադարձը, այն լի է անորոշությամբ ու վտանգներով»,-արձանագրեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, գուցե այս փաստաթուղթն ուղիղ անվտանգային երաշխիքներ չտա, սակայն այն որոշակի առումով քաղաքական երաշխիք է, ինչպես նաև աջակցություն ՀՀ անվտանգության բարձրացմանը։

«Մյուս կողմից, սակայն, որքանո՞վ Թրամփի վարչակազմն արագ այն կսկսի իրագործել, որքանո՞վ ռեգիոնում կհետապնդի նույն շահերը, ինչ ներկայիս վարչակազմը,կարծում եմ՝ այդ հարցում կան որոշակի կասկածներ։Դա է պատճառը, որ Բայդենի հեռանալուց օրեր առաջ է այս փաստաթուղթը ստորագրվում, որպեսզի Թրամփը պաշտոնը ստանձնի՝ արդեն ունենալով Հայաստանի հետ նման համաձայնագիր։ Բնականաբար, նա դրանից չի հրաժարվի, սակայն որքանո՞վ ակտիվ կիրագործի, չենք կարող ասել։ Ինչպես տեսնում ենք, օրինակ՝ Ուկրաինայի դեպքում արդեն հրապարակային խոսվում է այն մասին, որ ԱՄՆ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այդ ծավալով սխալ է եղել, ակնկալվում է, որ այս նոր վարչակազմն այդ ճանապարհով չի գնա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի, այսպես կոչված, ազդեցության նախկին գոտու երկրներից որոշակի հեռավորություն կպահպանվի ամենայն հավանականությամբ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Անդրադառնալով Լավրովի ակնարկին, թե Հայաստանից պահանջելու են միանալ երրորդ երկրների դեմ պատժամիջոցներին, վրացի վերլուծաբանն ասաց, որ եթե նման շեշտադրում չարվի փաստաթղթում, ապա յուրաքանչյուր երկիր ազատ է իր որոշումներում։ Ըստ նրա, յուրաքանչյուր երկիր ունի արտաքին քաղաքական առանձնահատուկ իր հարաբերությունները՝ ելնելով ռեգիոնալ խնդիրներից, աշխարհագրությունից։

«Օրինակ՝ Իրանի հետ Հայաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ, դժվար է պատկերացնել նման բան, Ռուսաստանի դեպքում՝ ևս, քանի որ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ լինել։ Լինելով ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ-ն ստորագրում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություններ հաշվի են առնվում։ Այսինքն՝ սա մեզ հայտնի ստանդարտ ռազմավարական գործընկերությունը չէ, այն ունի առանձնահատկություններ։ Պետք է տեսնել փաստաթղթի տեքստը»,- նկատեց վերլուծաբանը։

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 22:00-ին ուղիղ եթերով կարող եք հետևել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությանը:

Տեսանյութեր

Լրահոս