
Ջրծաղիկի պատվաստանյութը մինչև ընդունվելը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու․ Անահիտ Ավանեսյան

Ջրծաղիկի պատվաստանյութի խմբաքանակը հանձնվել է Հայաստանին, սակայն այն դեռ ընդունված չէ. պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու:
Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում: Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- մանրամասնեց Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ 2025 թվականի խմբաքանակի գնման գործընթացը ևս իրականացված է:
Ըստ նրա՝ սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ջրծաղիկը սեզոնին բավականին խնդիրներ է առաջացնում երեխաների շրջանում: