Բաժիններ՝

Բժշկական մասնագիտական գործունեության հետ անհամատեղելի ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկ կսահմանվի

Հայաստանի կառավարությունը e-draft հարթակում հրապարակել է «Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը։

Այս նախաձեռնությունը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացումներից, որոնք Կառավարությանը լիազորում են սահմանել բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պայմանների ցանկ։

Նախագծով նախատեսվում է ՀՄԴ-10 դասակարգչի հիման վրա սահմանել այն հիվանդություններն ու ֆիզիկական արատները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Այս ցանկը կլինի լիցենզավորման գործընթացի մաս՝ հիմք հանդիսանալով անհատական լիցենզիաների տրամադրման մերժման կամ դադարեցման համար։

Համաձայն ներկայացված նախագծի՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող պայմանները ներառում են հետևյալ հիվանդություններն ու արատները. երկու աչքերի կուրություն, օրգանական և սիմպտոմատիկ հոգեկան խանգարումներ, հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված խանգարումներ, շիզոֆրենիա և զառանցանքային խանգարումներ, տրամադրության խանգարումներ, մտավոր հետամնացություն, շնչառական օրգանների տուբերկուլյոզ։

Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք՝ բուժաշխատողների մասնագիտական համապատասխանությունը գնահատելու համար։ Այն կապահովի լիցենզավորման համակարգի արդյունավետ կիրառումը՝ նպաստելով բժշկական ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս