«Ալիևը լեգիտիմացնում է մոտալուտ ագրեսիան. Հա՛յ ժողովուրդ, սթափվի՛ր, պատմությանդ վերջին էջը թերթելու վտանգի առաջ ես». Դավիթ Ջամալյան

Ալիևը բազմիցս հայտարարել է, թե ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը սպառնալիք է, հետևաբար՝ պետք է առաքելությունը դուրս բերվի հայ-ադրբեջանական սահմանից։ Ալիևը նաև սպառնում է Հայաստանին՝ «Զանգեզուրի միաջնցք» բացելով ու «Ֆաշիզմը Հայաստանում ոչնչացնելով»։

Ալիևի այս պահանջին զուգահեռ՝ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը, որը լրանում է փետրվարին, քանի որ այն հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել էր երկու տարով՝ 2023 թվականին։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ երբ Ադրբեջանը հայտարարում է, թե ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը վտանգ է Ադրբեջանի համար և այլն, սա հայաստանյան հանրությանը մոլորեցնող հերթական մանիպուլյացիան է։

«Եմ դիտորդական առաքելությունն իր հեռադիտակներով ո՛չ ադրբեջանական բանակի դեմն է փակելու, ո՛չ էլ առնելու է։ Աննշան լարվածության դեպքում առաքելության ներկայացուցիչները հեռանալու են. նրանց ուղեկցողները շատ արագ էվակուացնելու են։ Այս առաքելությունը սահմանամերձ գյուղերում ժամանակին զբաղված է եղել ադրբեջանցիների բնակության վայրերը, տեղերը ճշտելու հայադավ առաքելությամբ։ Ըստ էության այս առաքելությունը, որն իբր հակադրության տրամաբանությամբ ներկայացվել է ռուսականին փոխարինելուն, ձեռնտու է Ադրբեջանին։ Կրկնում եմ՝ Ալիևը հոխորտում է, որպեսզի հայ հասարակությունն ասի, թե այդ առաքելությունն Ալիևին պետք չէ, հետևաբար՝ հայանպաստ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակները նույնն են եղել 100 տարի առաջ, նույնն են նաև այսօր։ Պարզապես մինչև 2018 թվականը Հայաստանի համար ալիևյան այդ նպատակների իրականացումը շատ հեռու է եղել։
«Մեր առաջնագիծը Դիզակի մեր հարթավայրերով էր անցնում՝ Արաքսի ափով մինչև Մռավ։ Սյունիքն այնքան հուսալի էր պաշտպանված, որ այդ ամենը հեռավոր մի բան էր թվում։ Բայց քիչ թե շատ խնդրին տեղյակ մարդիկ լավ գիտեին, որ Արցախի կորուստը բերելու է նաև Սյունիքի կորստին, դրա համար պահում էին Արցախը։
Ադրբեջանի այս պլանի հետևում կանգնած են ոչ միայն թուրքերը, լայն առումով սա անգլո-սաքսոնական ծրագիր է։ «Թուրան» ծրագրի միջոցով են նաև անգլոսաքսերը փորձում զսպել տարածաշրջանում Ռուսաստանին, վտանգներն այսօր դարձել են առօրեական։

Կարդացեք նաև

Ալիևը լեգիտիմացնում է իր մոտալուտ ագրեսիան Հայաստանի նկատմամբ։

Նրա վերջին հայտարարությունն աննախադեպ էր իր բովանդակությամբ, ես հույս ունեմ, որ այն մեր երկրում շատերին կսթափեցնի։ Ոչ թե կսթափեցնի, ու մարդիկ կհասկանան, որ Նիկոլն աղետ է, այլ կսթափեցնի հասկանալու համար, որ պետք է այդ աղետի դեմ միացյալ պայքար մղվի։ Կսթափվեն ու կհասկանան՝ խաղաղության հեռանկար չկա, որ սա վերջն է լինելու, որ մեր արցախահայերի նման մի օր սյունեցիներն են գալու Երևան, Իրանի հետ սահման ենք կորցնելու, ի վերջո, հայրենիք են կորցնելու։ Եթե կորցնում ենք կոմունիկացիաները, ապա դա վերջն է լինելու, որից հետո լինելու է թուրքական ամբոխի մուտքը Հայաստան»,- ասաց Դավիթ Ջամալյանը։

Նա վստահ է՝ Ալիևը գիտի, որ իր ագրեսիային Արևմուտքից, բացի կոչերից ու հայտարություններից, լուրջ հակադարձում չի լինելու, որովհետև Ադրբեջանն ինչ-որ առումով իրականացնում է նաև Արևմուտքի ծրագիրը։
«Ֆրանսիան մեզ չի օգնելու, մարդ պետք է մտքի ճգնաժամ ունենա՝ մտածելու, որ Ֆրանսիան օգնելու է, որպեսզի Սյունիքը պահենք։ Հիշեք 1921 թվականի Կիլիկիայի դեպքերը, երբ ֆրանսիացիները թողեցին ու դուրս եկան։ Իսկ Ալիևը հասել է նրան, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր կաթվածահար վիճակում են։

Ալիևն այսօր ամեն մի հայտարարությամբ լեգիտիմացնում է իր առաջիկա ագրեսիան Հայաստանի վրա»,- ընդգծեց նա։

Դավիթ Ջամալյանը նաև շեշտեց՝ Ալիևի այս գործողություններին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունը խոսում է աբսուրդ բաներից, օրինակ, ԵՄ անդամակցությունից, մինչդեռ հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ սա Եվրոպա մտնելու մասին չէ, ընդամենն ադրբեջանական ագրեսիային ընդառաջ ՌԴ-ի հետ լարվածություն ստեղծելու համար է արվում՝ այդ ֆոնին թույլ չտալու աջակցության որևէ հնարավորություն։

«Սրանք երբեք չեն կանգնելու ու ասեն՝ Սյունիքը տալու ենք, ագրեսիայից 5 պակաս ԵՄ անդամակցության մասին օրինագիծ են ընդունում։ Սրանք խոսում են մի բանի մասին, որը չի լինելու։ Մենք ականատես ենք լինում աբսուրդ մանիպուլյացիաների, մեկ բան կասեմ՝ հա՛յ ժողովուրդ, սթափվի՛ր, իսկապես պատմությանդ վերջին էջը թերթելու վտանգի առաջ ես, պետք է սթափվենք»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս