ԱՄՆ-ը սատարում է Սիրիայում իշխանության փոխանցմանը նոր կառավարությանը. Բլինքեն
ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայում իշխանության խաղաղ քաղաքական փոխանցմանը եւ ներառական կառավարության ձեւավորմանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ զրույցում։
«Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղ քաղաքական անցմանը ներառական, ներկայացուցչական եւ հաշվետու կառավարությանը՝ սիրիացիների ղեկավարությամբ»,- զրույցի արդյունքների հիման վրա նշվել է երկուշաբթի պետդեպարտամնետի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարությունում։
«Նա ընդգծել է միջազգային հանրության ընդհանուր դերը Սիրիայում բոլոր կողմերի համար՝ հարգելու բոլոր սիրիացիների, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաեւ թույլ չտալ, որ Սիրիան օգտագործվի որպես ահաբեկչության կայան»,- նշվել է փաստաթղթում։
Ինչպես նշվել է հրապարակման մեջ, պետքարտուղարը նաեւ ընդգծել է միջազգային հանրության կողմից Սիրիայում մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու անհրաժեշտությունը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի կառավարությանը՝ Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։
«Պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը քննարկել են նաեւ Գազայում հրադադարի հասնելու շարունակական ջանքերը, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը եւ մարդասիրական օգնության ավելացումը: Նրանք քննարկել են Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման հարցը»,- նշվել է փաստաթղթում։
Ինչպես նշվել է, Բլինքենն ընդգծել է Լիբանանի անվտանգության օրինական կառույցներին, ինչպիսին են Լիբանանի զինված ուժերը եւ ներքին անվտանգության ուժերը, շարունակական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: