Բաժիններ՝

Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիային տիրանալու հավակնությունների մասին. Դանիան «ի պատասխան» փոխել է զինանշանը

Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց. նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC-ն։

«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել է նա Truth Social ցանցի իր էջում:

Թրամփը նաև հավելել է, որ իր որդին «կուղևորվի Գրենլանդիա՝ այցելելու գեղեցիկ և տեսարժան վայրեր։

Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։

 

2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ:

Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։

Անցյալ տարեվերջից Թրամփի կողմից շարունակվող հավակնոտ հայտարարությունների ֆոնին՝ Դանիան, որի կազմում ներառված է Գրենլանդիան, փոխել է թագավորական զինանշանը՝ դրա վրա ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը (սպիտակ արջը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս