2024 թվականին երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իր գործողություններով, քայլերով շարունակեց Բանակի հեղինակազրկումը. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խնդրեցինք ամփոփել անցնող անվտանգային տարին, ըստ այդմ՝ ձևակերպել ամանորյա մաղթանքը: Արձանագրումները դարձյալ ցավալի էին:

«Ցավալիորեն դժվար է առանձնացնել ինչ-որ հատուկ դրական փաստ կամ իրադարձություն, որը մեր անվտանգային համակարգի, պաշտպանունակության առումով իր դրոշմն է թողնելու հետագա տարիների համար։

Ընթացիկ բանակաշինության գործընթացը միշտ էլ կատարվել է ու կատարվելու է։

2024 թվականը կառանձնացնեի մեր պաշտպանունակության, անվտանգային համակարգի, ցավոք սրտի, անդառնալի մի փլուզման, կորստի արձանագրումով։ Խոսքը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի անցած լեգենդար ուղու մասին է, ինչը ստվերվեց՝ Տավուշում սահմանազատման անվան տակ հանցավոր կերպով ռազմավարական բազում դիրքերի, մարտական հենակետերի ու առաջնագծի զիջումով։ Այստեղ գրվել էր պատմություն, այն գծվել էր հերոսականությամբ, որը գաղտագողի հանձնվեց թշնամուն։ Երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իր գործողություններով, քայլերով շարունակեց Բանակի հեղինակազրկումը։

Կարդացեք նաև

Այն հայտարարությունները, որ հնչեցրել է այս տարի Նիկոլ Փաշինյանը՝ «Զինված ուժերը չեն անվտանգության առաջին գլխավոր երաշխավորը», «բանակը պետք է տեղավորվի, այսպես կոչված, խաղաղության օրակարգում», ինչպես նաև՝ իր և այլ պաշտոնյաների կողմից հնչած «մենք ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ չենք բերելու» ձևակերպումն անդառնալի հարվածներ են հասցրել բանակի բարոյահոգեբանական վիճակին, որի հետևանքը դեռ ցավալիորեն զգալու ենք: Այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Հավելենք, որ Տավուշում ապօրինի սահմանազատման գործընթացի օրերին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն Ալեքսանդր Ցականյանն էր, ում նախ գեներալի կոչում տվեցին, այնուհետև նշանակեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Հ.Գ. Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով մինչև վերջ մնաց Արցախում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններից և Արցախի հայաթափումից հետո գերի վերցվեց և այսօր գտնվում է Բաքվի բանտում և մեղադրվում ալիևյան ռեժիմի կողմից, ինչի հետ հաշտ է Փաշինյանի իշխանությունը:

Մաղթենք, որ ի դեմս հայկական բանակի գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները վերադառնան Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս