
«FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում

«FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ պատճառը խիտ մառախուղն է։
Նշենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած 3F312 չվերթի ինքնաթիռը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր առավոտյան 9։00-ին։
Ըստ «Flightradar» կայքի`ինքնաթիռը մոտեցել է օդանավակայանին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք չի իրականացրել և ուղևորվել է Թբիլիսի։
Այս պահին «Զվարթնոցի» երկնքում պտտվում են «Air Cairo» ավիաընկերության Շարմ էլ Շեյխ-Երևան ու «Wizzair»-ի Լառնակա-Երևան չվերթերի ինքնաթիռները։ Առաջին չվերթը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր առավոտյան 08։05-ին, իսկ երկրորդը՝ 10։05-ին։
Օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում այլ չվերթեր ևս ուշացումով են նշված, այդ թվում՝ «Utair»-ի՝ Տյումեն-Երևանը, իսկ «Red Wings»-ի Մոսկվա-Երևան չվերթի դիմաց գրված է «դիմել ավիաընկերություն»։