«Եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի». ԱՄՆ ՄԶԳ տնօրենն ավարտում է պաշտոնավարումը Հայաստանում

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ալելոն ավարտում է շուրջ չորս տարվա պաշտոնավարումը Հայաստանում։ Այս մասին նշված է USAID Armenia-ի տարածած հաղորդագրության մեջ։«Ես հեռանում եմ։

Գնալը միշտ էմոցիոնալ պահ է։ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը. այս երկիրն ինձ այնքան գրկաբաց ընդունեց։ Ուր էլ գնացի՝ միշտ այնպիսի զգացողություն էր, թե ընտանիքիս հետ եմ ճաշում»,- հաղորդագրությանը կից տեսանյութի մեջ նշել է Ջոն Ալելոն։Տարածված տեսանյութում Ալելոն նաև ընդգծում է, որ հայերը, թերևս, աշխարհի ամենատոկուն ազգերից են։

«Հայաստանում աշխատելիս փորձում ենք խոսել տեղացիների հետ և պարզել նրանց կարիքները։ Այդ կերպ ես շատ բան եմ սովորում և ավելի լավ հասկանում, թե ինչպես կարող ենք օգտակար լինել»,-նշել է Ալելոն՝ հավելով, որ Հայաստանում իրեն շատ լավ ու հարմարավետ է զգում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոն Ալելոյի առաջնորդությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ բյուջեի հատկացումներն ավելացել են, նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք նշանակալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակիչների համար։

Գործակալությունը հավելում է, որ Ալելոյի պաշտոնավարման ժամանակահատվածը յուրահատուկ է ոչ միայն նրա արդյունավետ առաջնորդության, այլև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր սիրո շնորհիվ։ 

«Գիտե՞ք, ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ, բայց եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի»,-տարածված տեսանյութի մեջ նշել է Ջոն Ալելոն։

Տեսանյութեր

Լրահոս