ԵՊՀ-ում 2025թ. միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ. տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։

Օրակարգի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով կրթության, գիտության, միջազգայնացման, հաղորդակցության, ենթակառուցվածքների ու միջավայրի լավարկմանն ուղղված ծրագրերին, արձանագրած հաջողություններին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին։

«Անցնող տարին ԵՊՀ-ի համար եղել է թե՛ մարտահրավերների, թե՛ նշանակալի ձեռքբերումների տարի։ Այս ժամանակաշրջանում մենք կանգնած ենք եղել արտաքին և ներքին դժվարությունների առջև, սակայն կարողացել ենք արձագանքել դրանց՝ հավատարիմ մնալով համալսարանի արժեքներին և նպատակներին։

Թեև հաշվետու տարում արտաքին մարտահրավերները բազմաթիվ էին, և դրանց ազդեցությունը հասարակության և համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Մենք շարունակել ենք արդիականացնել մեր կրթական միջավայրը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։

Նրա խոսքով, ԵՊՀ-ն ուստարվա ընթացքում իր գործունեության բոլոր ուղղություններով կարողացել է հասնել նշանակալի հաջողությունների և արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս շարունակելու ընթանալ վերափոխման և համակարգային բարեփոխումների ճանապարհով։

«Հաշվետու և նախորդ տարիների ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում ԵՊՀ-ն դարձել է ավելի հարմարավետ ու հասանելի կրթական և հետազոտական գործունեության իրականացման համար ինչպես բովանդակային ու մեթոդաբանական, այնպես էլ միջավայրային տեսանկյունից»,- փաստեց Հ. Հովհաննիսյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, բավարար գնահատելով ներկայացված հաշվետվությունը, այնուհետև լսեց ու բավարար գնահատեց ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրիկատարման հաշվետվությունը։ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ փաստաթուղթը ոչ միայն ԵՊՀ գործունեության արդյունքների ամփոփումն է, այլև համալսարանի շարունակական զարգացման արտացոլումը. «Այն պատրաստվել է 2024 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ընդգրկելով համալսարանի ակադեմիական, գիտական, կառավարման և հանրային ներգրավման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները, առաջընթացը և առկա մարտահրավերները»։

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտորը Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։

«Զարգացման ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով, որոնք էականորեն ազդել են գիտակրթական միջավայրի վրա։ Նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020-2024 թթ. ընթացքում իրականցված գործողություններն ու ծրագրերը, հաճախ հանդիսանալով փոփոխված իրավիճակին արձագանք, դուրս էին գործող ռազմավարությամբ սահմանված թիրախների ու առաջնահերթությունների շրջանակից և առաջացնում էին հաշվետվողականության լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն»,- նշեց Հ.Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է համալսարանի առաքելությունը, զարգացման տեսլականը, հիմնարար արժեքները, ռազմավարական նպատակները և համապատասխան խնդիրների ձեւակերպումներն ու գործողությունների տեսակները, ինչպես նաև որպես ռազմավարության հավելվածներ ներկայացված են ռազմավարության իրականացման ընթացիկ կառավարման և մշտադիտարկման սկզբունքները, ռիսկերի կանխատեսման և կառավարման մոտեցումները, ռազմավարության ֆինանսական կառավարման քաղաքականությունը և գործողությունների վեցամյա պլանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ասաց, որ զարգացման ռազմավարական ծրագիրն այն փաստաթուղթն է, որով պետք է հստակ լինի, թե ինչ նշաձող է սահմանվում, և թե ինչ ուղիներ են նախանշված դրանց հասնելու համար։ Ս. Պապիկյանի խոսքով, կարևոր է նաև, որ ԵՊՀ-ում գործի կադրերի համալրման մրցակցային մեխանիզմ. «Մրցակցության դեպքում միայն աշխատակիցները շարունակաբար կկատարելագործեն իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ապահովելով կրթության որակի աճ»։

ԵՊՀ ՀԽ քարտուղար Եղիշե Կիրակոսյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև ոլորտային զարգացման ռազմավարությունների մշակումը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով էլ, անհրաժեշտ է հստակ հետևել զարգացման ռազմավարական ծրագրի նպատակներից ու խնդիրներից բխող գործողությունների կատարմանն ու գնահատմանը՝ դրանց իրականացման վերաբերյալ ներկայացնելով պարբերական հաշվետվություններ։

Հնչած հարցերից ու քննարկումներից հետո Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, ապա հավանություն տվեց նաև առաջարկվող կառուցվածքային փոփոխություններին ու 2025 թ. ԵՊՀ կառուցվածքին ու հաստիքացուցակին։ Առաջարկված փոփոխություններով ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ։

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2025 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե)։ Նրա պնդմամբ, ըստ նախահաշվի՝ 2025 թ. համախառն եկամուտները նախորդ տարվա համեմատ կավելանան շուրջ 8.2, իսկ ծախսերը՝ 9.4 տոկոսով։

Բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկեց առաջիկայում փոխել խնայողությունների վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը՝ կատարելով գուցե ռիսկային, բայց և ավելի արդյունավետ ներդրումներ։

ԵՊՀ ՀԽ-ն հաստատեց ներկայացված հարցը, ապա հավանություն տվեց նաև ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերին և ԵՊՀ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ առաջարկությունն ու ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե հայտի ներկայացմանը։ Առաջարկության նպատակը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում հուշանվերների խանութի ստեղծումն է։

Օրակարգային վերջին հարցի շրջանակում անցկացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից։

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ ԻՄ դասախոս Մհեր Օթարյանը կրթությունը ստացել է ԵՊՀ-ում և 2021 թվականից զբաղեցնում է ԻՄ փոխտնօրենի պաշտոնը։ Ներկայացնելով ԻՄ զարգացման իր ծրագիրը՝ նա ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է շարունակի պատրաստել որակյալ գիտամանկավարժական կադրեր ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար։

Նրա համոզմամբ, ԻՄ-ն մարզային կրթական կենտրոն է, և անհրաժեշտ է ծրագրերը դարձնել ավելի ճկուն, իսկ դասընթացներն անցկացնել նորարարական մեթոդներով. «Պետք է զարգացնել նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունը, խթանել ակադեմիական շարժունակությունը, ինչպես նաև ընդլայնել գիտակրթական ու մշակութային կապերը այլ ուսումնական հաստատությունների հետ»։

Մ. Օթարյանի խոսքով, անհրաժեշտ է ներդնել որակի ապահովման վերահսկման արդիական համակարգ. «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարման համակարգի արդյունավետության շարունակական բարելավումը ևս առանցքային նշանակություն ունի»։

Ընտրության նպատակով կազմվեց հաշվիչ հանձնաժողով և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն։ Արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվեց ԵՊՀ ԻՄ տնօրեն։

Տեսանյութեր

Լրահոս