Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Քրիստինե Վարդանյան

Ես շարունակում եմ պնդել, որ արդեն երկրորդ տարին Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձի հեռարձակման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների և Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Սա ավելին է քան անձնական վրեժխնդրությունը, կամ պարզ արհամարհանք ու պայքարը բոլոր հայկական կառույցների դեմ։

Այս դրվագը վկայությունն է նրա, որ Ադրբեջանի (նաև Թուրքիայի, ինչպես եղավ Նեմեսիսի արձանի տեղադրման դեպքում) հետ ձեռք են բերվում և արդեն իսկ կյանքի են կոչվում Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտություն թույլատրող պայմանավորվածություններ։

Մասնավորապես՝ Ադրբեջանը պահանջում է որևէ կերպ պետական մակարդակով չանդրադառնալ արցախահայերի հավաքական իրավունքների պաշտպանությանը և Արցախ վերադարձի իրավունքին՝ ուղղակի սպառանալով դա ընդունել որպես արդեն իսկ պայմանավորված կետերից շեղում։

Կանխատեսելի է, որ ինչպես բոլոր ուղերձներում, այնպես էլ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին։ Ուստի փաշինյանական վարչախմբին պետք է ամեն կերպ ապացուցել Ալիևին, որ դա պետական քաղաքականության հետ կապ չունի։ Առաջին հերթին հենց այս պատճառով էլ արվում է այս ամենը։

Ընդհանրապես, կարևոր է հասկանալ, որ մեր կյանքում հանդիպող շատ երևույթներ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են և չունեն որևէ տրամաբանական բացատրություն, պայմանավորված են հենց այս բանակցություններով և Ալիևի առաջ ստանձնած Փաշինյանի պարտավորություններով»։

Տեսանյութեր

Լրահոս