1994-ից չի ընթացել որևէ ձևաչափով բանակցություն, համաձայն որի Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում. քաղաքագետը՝ Տեր-Պետրոսյանի արձագանքի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին պետք է դիտարկել ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլ նաև որպես գիտնականի կոչ, քանի որ եթե կան խնդրահարույց հարցեր, դրանք պետք է քննարկվեն հղումներով և ապացույցներով։ ՀՀ առաջին նախագահն իր վերջին կոչով հանրությանն ապացուցում է, որ Փաշինյանը կրկին փորձում է շոուներ սարքել և սեփական բացթողումները սրա-նրա վզին փաթաթել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը երեկ արձագանքել էր Փաշինյանի՝ բանավեճի հրավերին՝ նշելով՝ եթե վերջինս ցանկանում է, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա Փաշինյանը պետք է հրապարակի Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ հաջողվել է իր հանցագործությունը բարդել նախկինների վրա, և հասարակության՝ քաղաքականապես ոչ հասուն մի ստվար զանգված կուլ է տվել այդ խայծը։

«Հիմա նա նոր արհավիրք է պատրաստում, և ես կարծում եմ՝ դա կապ ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ»,- ասաց քաղաքագետը։

Նա միաժամանակ շեշտեց՝ եթե 1994 թվականից ի վեր՝ բանակցային գործընթացը եղել է հօգուտ Ադրբեջանի, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ապա ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն բոլոր առաջարկները մերժել։

«Մինսկի խմբի՝ 30 տարվա ընթացքում արված գրեթե բոլոր առաջարկությունները մերժվել են հենց Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ հրապարակել ՄԽ-ի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները, ապա հիշենք՝ 1992-ից մինչև 2019-ը վարած բանակցությունների վերաբերյալ հասարակությունը բավարար տեղեկություններ ունի. մենք տեղեկություններ ունենք, թե ինչ բանակցություններ են վարվել Քի Վեսթում, Փարիզում, Պրահայում, ինչ առաջարկներ են եղել հետագայում՝ ընդհուպ մինչև Մադրիդյան սկզբունքներ։ Մինչդեռ Փաշինյանի վարած բանակցությունների մասին մենք ոչինչ չգիտենք։

1994 թվականից չի ընթացել որևէ ձևաչափով բանակցություն, համաձայն որի Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- շեշտեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ բոլորովին պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին բացահայտել սեփական կետից վարված բանակցությունները՝ հասկանալու, թե ինչի շուրջ է Բաքվի հետ բանակցել վերջինս 2019-2020 թվականների ընթացքում

Տեսանյութեր

Լրահոս