«Ժամանակին թուրք դասախոսներից մեկն ասում էր՝ «ով չգիտի՝ Աղդամից մինչև Քուռ որտեղ փորես, այնտեղից խաչ դուրս կգա». Երբեք չի բանակցվել Արցախն Ադրբեջանին տալու շուրջ». Վահրամ Բալայան

Արցախի բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը փորձագետները, Արցախի ԱԺ պատգամավորները որակում են՝ որպես աբսուրդ, իրականությունից կտրված։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը հիշեցրեց՝ Արցախի հանձնումը կատարվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։

«Երկրի առաջնորդն ընտրվելիս ձեռքը դնում է Սահմանադրության ու Ավետարանի վրա՝ երդվելով պահպանել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց բանը նրանում է, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանը ձախողել է, ու փորձում է ինչ-որ հիմնավորումներ բերել, թե այդպես չէ, ձախողումը գալիս է նախկինից։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը սա է, իսկ իրականության մեջ, որքանով ինքս եմ ծանոթ բանակցային գործընթացին, Ադրբեջանն անընդհատ ցուցադրել է իր հավակնություններն Արցախի նկատմամբ, սակայն հայկական կողմը մշտապես պնդել է, որ Ադրբեջանը նման իրավունքներ չունի Արցախի հանդեպ, և Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի և տվյալ ժամանակահատվածի խորհրդային երկրների օրենքների շրջանակներում ստացել է իր անկախությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Վահրամ Բալայանն ընդգծեց, որ բանակցային գործընթացում բաներ կային, որոնք գաղտնի էին ընթանում, որոշ հատված նաև երևում էր, ուստի երբեք բանակցային գործընթացը չի եղել այն տրամաբանությամբ, որ ինչ-որ բան զիջեն Ադրբեջանին։

Կարդացեք նաև

«Եթե հարցը, ըստ Փաշինյանի, դրված էր, որ պետք է Արցախը զիջեին Ադրբեջանին, ապա մինչև 2018 թվականը պատերազմ ու զոհերն ինչի՞ համար էր, միանգամից Արցախը կտային, ու հարցը կփակվեր։

Բելառուսի նախագահի մասնակցությամբ հայտնի ձայնագրություն, չէ՞, հրապարակվեց, որ Ալիևը 5 մլրդ էր առաջարկում՝ Արցախից հրաժարվելու համար, ըստ որում, որքանով ինձ հայտնի է, այդ առաջարկը եղել է ոչ թե նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքի, այլ ԼՂ ինքնավար մարզից դուրս տարածքների վերաբերյալ։ Այսինքն՝ նման բան լինել չի կարող, որովհետև անտրամաբանական է, ինչու պետք է հայն իր տարածքները զիջեր որևէ մեկին, որն ազատագրվել է զոհերի ու զրկանքների գնով։ Արցախն առհասարակ Ադրբեջանի հետ որևէ կապ չունի»,- շեշտեց Վ. Բալայանը։

Մեր զրուցակիցը հիշեց, որ Խորհրդային Միության տարիներին ադրբեջանցիները, որոնք գնում էին Արցախ, որպեսզի «Ախթամար» ու «սալյուտ» ծխախոտ գնեին, ասում էին՝ «Գնում ենք Էրմենիստան»։ Այսինքն՝ ադրբեջանցիները նույնիսկ Ստեփանակերտն էին անվանում «Էրմինիստան»՝ Հայաստան։

«Ժամանակին մեր համալսարանի պատմության ֆակուլտետի թուրք դասախոսներից մեկն ասում էր՝ «ո՞վ չգիտի, որ Աղդամից մինչև Քուռ որտեղ փորես, այնտեղից խաչ դուրս կգա»։ Ուզում եմ ասել, որ թուրքն էլ լավ գիտի, որ Արցախը հայկական բնօրրան է, և ՀՀ նախկին իշխանությունը երբեք այն զիջելու նպատակ չի ունեցել։

Ըստ էության միջազգային հանրությունն էլ էր հասկանում, որ Արցախը հայկական է, և այն պետք է լինի հայ ազգի տնօրինության տակ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մինսկի խումբը չէր ցանկանում նեղացնել Ադրբեջանին ու տարբեր առաջարկներով էր հանդես գալիս՝ հանրաքվե անցկացնել, փոխզիջումների գնալ և այլն։ Միջազգային հանրությունն ըստ էության մեծ պատասխանատվություն չվերցրեց հարցին կոնկրետ լուծում տալու՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ հնարավորություններն ու Թուրքիայի ազդեցությունը։ Կրկնում եմ՝ երբեք չի բանակցվել Արցախն Ադրբեջանին տալու շուրջ»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Վահրամ Բալայանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Արցախը հանձնելու քայլը փորձում է իրենից հեռացնել՝ ասելով, թե 1994 թվականի հրադադարից հետո բանակցությունները եղել են միայն մեկ բանի մասին՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար՝ այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս