Հանրապետականը լինելու է ամենավտանգավոր ու պատասխանատու տեղում. Հայկ Մամիջանյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական հիմնական օրակարգին՝ իշխանափոխությանը՝ շեշտելով, որ դրանից է բխում ՀՀ անվտանգությունը։
Այս օրակարգում Հայկ Մամիջանյանը կարևորեց փողոցային պայքարի նշանակությունը՝ առանց արտաքին ուժերի աջակցության։
«Եթե իշխանության ես գալիս այս կամ այն ուժերի աջակցությամբ, բացի հայ ժողովրդից, ավելի շատ հաշվետու ես լինում այդ ուժերին, քան ՀՀ քաղաքացիների»,- նկատեց նա՝ հավելելով, որ այդպիսի օրինակի ականատեսն ենք վերջին 6 տարիներին։
168․am-ը հստակեցրեց՝ եթե նշում է, որ հնարավոր է պայքարը հաջողել առանց արտաքին ուժերի աջակցության, այդ դեպքում ինչո՞ւ չստացվեց այդ հաջողությունը, երբ Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր մարդիկ կային իշխանափոխության պահանջով, գուցե դրա բացակայությո՞ւնն է պատճառը, որ չի ստացվում․ չէ՞ որ 2018թ․-ին էլ արտաքին ուժերի աջակցությունն էլ կար, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանության գալ։
«Ոչ թե 2018 թվականին արտաքին ուժերի աջակցությունն էլ կար, այլ առանց «էլ»-ի․ 2018 թվականին արտաքին ուժերի աջակցությունը կար, դրա համար Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության,- ի պատասխան՝ նախ նկատեց Հայկ Մամիջանյանը,- Մասնավորապես այս տարվա մայիսին՝ Սրբազան պայքարի շրջանակներում, իմ համեստ գնահատականով, Հանրապետության հրապարակը եղել է ավելի մարդաշատ, քան 2018 թվականի Փաշինյանի ցույցերի ժամանակ։
Ինչո՞ւ չստացվեց՝ դա համար կան բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ․ օբյեկտիվ պատճառներն անհրաժեշտ է հաշվի առնել, սուբյեկտիվ պատճառներն անհրաժեշտ է շտկել, բայց եթե դուք թույլ տաք, ես հրապարակային դրա մասին չխոսեմ, որովհետև դրա մասին մենք պետք է խոսենք, վերլուծենք մեր պայքարի ընկերների հետ ու այնպես անենք, որ հաջորդ անգամ չկրկնենք այն պատճառները, որոնք կախված են մեզանից»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև շեշտեց, որ գործող իշխանությունների կողմից հանրությանը ներշնչվող միտքը, թե բոլորը Հայաստանում համակերպվել են տեղի ունեցողի հետ, հերքվում է ամեն հաջորդ լայնամասշտաբ պայքարի ժամանակ, որտեղ հավաքվում են ավելի շատ մարդիկ, որոնք ավելի ռադիկալ են տրամադրված, քան նախորդ դեպքերում։
Ե՞րբ պետք է կանխատեսել վերջին և ոչ թե հաջորդ հանրահավաքը՝ մեր հաջորդ հարցադրմանը պատասխանելով՝ հանրապետական գործիչը նշեց, որ ինքը նման կանխատեսումներ չի անում, սակայն կարող է խոստանալ, որ ինչպես Փաշինյանի իշխանության անցած 6-7 տարիների ընթացքում, այնպես էլ վերջին բաղձալի հանրահավաքի ժամանակ Հանրապետականը լինելու է ամենավտանգավոր, ամենապատասխանատու և ամենաբարդ տեղում։
«Նույն կերպ, ինչպես եղել է անցնող տարիների ընթացքում, որովհետև սա մեզ համար աշխատանք չէ, սա այն կոչումն է, այն առաքելությունը, որը մեզ ավանդել են մեր կուսակցության հիմնադիր հայրերը, որը պահպանվում ու զարգացվում է կուսակցության նախագահի կողմից, ու որը մեր երակների մեջ է»,- ամփոփեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում