
Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով վարկի համար կարող է երաշխիք տրամադրել

Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը»,-ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան:
«Եվ, եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս՝հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի: