Նոր մանրամասներ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից. կան ողջ մնացածներ
Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում կործանված ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը ողջ են մնացել։ Ողջ մնացածների թվի մասին տարբեր տվյալներ են հաղորդվում։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ողջ է մնացել առնվազն 6 մարդ։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով որոնողափրկարարական ծառայություններում իր աղբյուրին, նշում է, որ ողջ է մնացել մինչև 10 մարդ։ Իսկ ղազախական Tengrinews պարբերականը նշում է, որ հոսպիտալացվել է 12 մարդ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնպես հայտարարել է 12 ողջ մնացածի մասին՝ նշելով, որ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի ուշ հաղորդել է, որ ողջ է մնացել 25 մարդ։ Հղում անելով դեպքի վայրում աշխատող օպերատիվ շտաբին՝ «Ինտերֆաքս»-ը նաև հաղորդում է, որ ողջ մնացած ուղևորները գտնվել են ինքնաթիռի պոչի հատվածում։
Ինքնաթիռում գտնվել է Ադրբեջանի 37 քաղաքացի, Ռուսաստանի 16 քաղաքացի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացի։Ինքնաթիռում գտնվող ուղևորների մասին նույնպես տարբեր տվյալներ էին հաղորդվել։ Ըստ Ղազախստանի տրանսպորտի նախարարության և ադրբեջանական պետական Azertag գործակալության՝ ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Մինչ այդ APA գործակալությունը հայտնում էր 67 ուղևորի և անձնակազմի 5 անդամի մասին։ Իսկ «Կազինֆորմ» գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռում է եղել 105 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, սակայն ավելի ուշ այս տեղեկատվությունը փոխվել է։Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։
«Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, վկայակոչելով ադրբեջանական ավիաընկերությունը, նշում է, որ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռն ընկել է Ակտաուի օդանավակայանում՝ թռիչքուղու մերձակայքում։