Թրամփը քննադատել է Բայդենին՝ մահապատժի դատապարտված 37 անձանց պատիժը մեղմացնելու համար
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ մեղմացնելու պատիժը 37 բանտարկյալների համար, որոնք դաշնային մակարդակով մահապատժի են դատապարտվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Թրամփի անցումային թիմի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունը:
«Այդ մարդիկ ամենաահավոր մարդասպաններից են, և Ջո Բայդենի այդ նողկալի որոշումն ապտակ է զոհերին, նրանց ընտանիքներին և մտերիմներին», – հայտարարությունից հատված է մեջբերում The Hill պարբերականը:
Տեքստում նշված է, որ «Թրամփը հանդես է գալիս օրենքի գերակայության օգտին, որը կվերադառնա», երբ քաղաքական գործիչը պաշտոնապես ստանձնի նախագահի պաշտոնը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Բայդենը դաշնային մակարդակով մահվան դատապարտված 40 մարդուց 37-ի համար մահվան դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ՝ առանց ազատ արձակման հնարավորության։
CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենը չի մեղմացրել Ջոխար Ցառնաևի դատավճիռը, որը մահվան է դատապարտվել 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչությանը մասնակցելու համար, Դիլան Ռուֆի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել 2015 թվականին Չառլստոն քաղաքում եկեղեցու ինը սևամորթ ծխականների սպանության մեջ, ինչպես նաև Ռոբերտ Բաուերսի դատավճիռը, որը դատապարտվել է 2018 թվականին Փիթսբուրգ քաղաքի սինագոգներից մեկում 11 մարդու սպանության համար: