
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը

Հավայան Մեծ կղզում ժայթքել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Կիլաուեան։ Ժայթքումը տեղի է ունեցել Հավայան հրաբուխների ազգային պարկում։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Դեկտեմբերի 23-ի գիշերն արձանագրվել է սեյսմիկ ակտիվություն, որից հետո տեսախցիկները ֆիքսել են լավայի ժայթքումը։ Հավայան հրաբուխների դիտարանից հայտնել են, որ հրաբխի ծխամշուշը կարող է իջնել դեպի բնակավայրերը և վատթարացնել ասթմա և շնչառական այլ հիվանդություններ, ինչպես նաև սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց ախտանիշները։
Հատվածը, որտեղ ժայթքում է սկսվել, փակ է հանրության առաջ 2007 թվականից ի վեր, քանի որ տվյալ մասում առկա են խառնարանի պատի անկայունություն, գետնի վրա ճաքերի առաջացման և քարաթափման վտանգ։
Կիլաուեան ժայթքել է նաև 2024 թ. հունիսին և սեպտեմբերին։ 2018 թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Կիլաուեայի ժայթքման հետևանքով ավելի քան 700 տուն էր ոչնչացել։