«Փաշինյանն է ամեն ինչի մեղավորը, բայց չգիտես՝ ինչո՞ւ, անընդհատ նախկիններին է մեղադրում, սլաքներն ուղղում է նախկինների վրա… Նիկոլը փրկություն չունի, վստահ եմ». Նաիրա Մարգարյան
Նիկոլ Փաշինյանն «ամփոփել» է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարված «գնդակահարության պատի» տակ գրված մեկնաբանությունները։
Նշենք, որ օրեր առաջ նա դիմել է իր հետևորդներին, որտեղ առաջարկել է իր անվանակոչած՝ «գնդակահարության պատի» տակ գրել իրեն ուղղված մեղադրանքները՝ առանց վիրավորանքների, հավելելով՝ թեպետ բոլորին կների, «քանի որ քրիստոնյա է»։
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, վստահեցնում է՝ դա ոչ թե «գնդակահարության պատ» է, այլ «ինքնաարդարացման պատ», որ իրեն հավատացողները գրեն. «Վարչապետ ջան, դու մեղավոր չես, էդ նախկիններն են մեղավոր»։
«Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչի մեղավորը, բայց չգիտես՝ ինչո՞ւ, անընդհատ նախկիններին է մեղադրում, սլաքներն ուղղում է նախկինների վրա, այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Սա էլ ոչ թե «գնդակահարության պատ» է, այլ «ինքնաարդարացման պատ», որ իրեն հավատացողները գրեն. «Վարչապետ ջան, դու մեղավոր չես, էդ նախկիններն են մեղավոր»։
Նիկոլի հերթական ձևականությունն է, չեմ հավատում, որ այդ մարդը գիտակցում է, որ ինքն է մեղավորը։
2022 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից նրա հայտարարությունը բավական է, որ իսկապես հայտնվեր «գնդակահարության պատի» տակ։ Նա այդ ժամանակ խոստովանեց, որ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախի կորուստը ոչինչ է, բայց որդեկորույս ծնողների համար Արցախն ամեն ինչ էր, Արցախն իրենց զավակն էր, հետևաբար՝ իրենց որդիների զոհվելուց հետո շատ ծանր են տանում Արցախի կորուստը։
«Իմ տղան Արցախում է մեծացել, Արցախի նշանակությունը որդուս մահվանից հետո կրկնակի կարևորվել է ինձ համար, որովհետև վերջին անգամ որդիս նայել է Արցախի երկնքին, այդ հողում է ներծծվել որդուս արյունը։
Եթե Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը նորից վերընտրվեցին, ապա մենք նրան այդ «գնդակահարության պատի» տակ երբեք չենք տեսնի։ Ավելին՝ եթե Նիկոլը վերընտրվի, ապա մի բուռ մնացած Հայաստանը, հայրենիքը կորցնելու ենք մեկընդմիշտ։ Այդ մարդը եկած օրվանից այս ազգին ու երկրին ցավ ու տառապանք է բերել, եթե մի բան պետք է փոխվեր՝ չփոխվեց»,- հավելեց մեր զրուցակիցը։
Որդեկորույս մայրը նաև հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե՝ «նախկին իշխանությունների ժամանակ կոնֆետը շպրտում էին, զինվորը հարձակվում էր կոնֆետի վրա ու վերցնում էր»։
«Իսկ ի՞նչ արեց ինքը՝ հազարավոր զոհեր տվեց։ Մեզ պետք չէր կլուբնիկ ուտող զինվոր, բանակ, մեզ անվտանգ բանակ էր պետք։ Եթե նախկիններն այդքան վատն էին, թալանել էին, թող այս 6,5 տարիների ընթացքում ստեղծեր հզոր բանակ, ի՞նչն էր իրեն խանգարում։ Թող նորմալ զորամաս ստեղծեր, որ զինվորները չմնային խրճիթում ու վառվեին, որ զինվորը չզոհվեր՝ անսարք մեքենա նստելով։
Փոխարենը՝ այս 6,5 տավա ընթացքում ի՞նչ են անում՝ գնում են տարբեր երկրներ, նկարվում, իրենց են ցուցադրում, տոլմա են փաթաթում, իրենց զգեստները զովազդում։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ։ Իրենք 2018 թվականին սրա համար չէին եկել, չէ՞, այլ բան էին խոստանում։
Ասում էին՝ մեր գերիները 2 ամիս էլ կսպասեն, բայց 3 տարի է՝ Բաքվի բանտերում սպասում են ու մոռացվել են։ Տղային էր տալիս, որ մեր գերիներին հետ բերեր, կեղծի՛ք, ինչպես միշտ։ Բայց ինքը փրկություն չունի, վստահ եմ»,- շեշտեց Նաիրա Մարգարյանը։
Տիկին Նաիրան նշեց, որ ամեն օր աղոթում է սահմանին կանգնած զինվորի համար, որ ծառայեն ու վերադառնան տուն։
Զվարթ Խաչատրյան
Նաիրա Մարգարյան, գնդակահարության պատ, Նիկոլ Փաշինյան, մեղավոր, նախկիններ, կլուբնիկ, մի բուռ Հայաստան