Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության հարցում ավելորդ աղմուկն ու իրարանցումը կարող են շատ ավելի մեծ վտանգ ստեղծել հայկական համայնքի համար, քան լինել օգտակար․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Այս պահին իհարկե առանցքային խնդիրներից մեկը, գերխնդիրը՝ Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգությունն է:
Իհարկե դա չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին, բայց ըստ իս, ստեղծված իրավիճակում այդ հարցում ավելորդ աղմուկն ու իրարանցումը կարող են շատ ավելի մեծ վտանգ ստեղծել հայկական համայնքի, մեր հայրենակիցների համար, քան լինել օգտակար:
Ավելորդ աղմուկը առավել մեծ վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցներին ավելի շուտ թիրախի վերածելու տեսանկյունից, քան կարող է ունենալ օգտակարություն: Պարզ է, որ այս պահին կազմակերպված տարհանման հավանականությունը գրեթե զրոյական է, ինչի մասին հայտարարել է նաև ԱԳՆ:
Հետևաբար, տվյալ պարագայում կա մեկ այլ խնդիր՝ իրականացնել լրջագույն հետնաբեմային աշխատանք, օգտագործելով Սիրիայում այսօր իրավիճակը կառավարող կամ իրավիճակը տնօրինող կողմերի հետ թե ուղիղ, թե անուղղակի շփումների դուրս գալու հնարավորությունն ու մշակելով դրա միջոցով մեր հայրենակիցների հանդեպ անվտանգության որոշակի շերտ ձեւավորելու հարցը սպասարկելու տարբերակները:
Մերձավորարևելյան խութերը չափազանց շատ են, հետևաբար դրանք շրջանցելը պահանջում է մանրակրկիտ, խճանկարային աշխատանք: Ընդ որում, այստեղ պետք չէ բացառել, որ հենց տեղում կարող են լինել հայկական համայնքի շրջանակներ, խմբեր, որոնք միանգամայն ի զորու են հարաբերություն հաստատել տեղերում իրադրությունը տնօրինողների հետ եւ լուծել անվտանգության հարցեր:
Պետք է նաև հասկանալ թերևս մեկ այլ նրբություն: Հայերի Սիրիայի հանրույթում երբեք չեն եղել «գետտոյացված»: Նրանք ինտեգրված են եղել Սիրիայի կյանքում, այո վայելել են ալավիական իշխանության համակրանքը, բայց նաև թերևս ունեցել են կապեր ու շփումներ մնացյալ էթնիկ խմբերի ու դավանական ուղղությունների հետ, այդ թվում սուննիների: Սա շատ բարդ համակարգ է, որը իհարկե Սիրիայի պատերազմի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է եւ հիմա գտնվելու է հավաքվելու շատ բարդ գործընթացի շեմին, բայց այստեղ անվտանգության հարցերի լուծումը հենց այդ իմաստով պետք չէ դիտարկել միայն ու միայն տարհանման տրամաբանության մեջ:
Որովհետև դա նույնիսկ կարող է դիտարկվել ինչ որ իմաստով «փախուստի» տրամաբանության մեջ, իսկ քաոտիկ իրավիճակում այդպիսի ընկալման արժանանալը ավելի խնդրահարույց է:
Պետք է հուսալ, որ հետնաբեմային աշխատանքը կատարվում է, ընդ որում շատ ավելի վաղուց, և դրանում ներգրավված են թե պետական խողովակները, թե նաև այլ հնարավորություններ»: