Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես. Արարատ Միրզոյան

Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք»,- նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ պետք է վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին:

«Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը»,- հավելել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս