Ալիևի նոր պահանջը Փաշինյանից՝ բանակցել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի միջազգային COP29 համաժողովի ավարտից հետո առաջին անգամ Իլհամ Ալիևն անդրադարձել է Երևան-Բաքու հարաբերություններին և, մասնավորապես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ Երևանի երկխոսության անհրաժեշտությանը։

«Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով կոնֆերանսի ընթացքում նա նշել է, որ իբրև թե հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» մասին երազանքները, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ դեռ պահպանված տարածքային պահանջները, այս երկրի արագ զինումը խոչընդոտում են կայուն խաղաղության հաստատմանը։

Ալիևն ասել է, թե Հայաստանը փորձում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը, իսկ համայնքի նպատակը, ըստ Ադրբեջանի նախագահի, «Արևմտյան Ադրբեջանից վտարվածների արժանապատիվ վերադարձն է իրենց պապենական հողեր՝ խաղաղ և ապահով պայմաններում»:

Ալիևի պնդմամբ՝ «Հայաստանը հերքում է ադրբեջանական ժողովրդի դարավոր ներկայությունն իր պապենական հողերում»՝ նշելով, թե «ոչնչացվում են «Արևմտյան Ադրբեջանի» պատմական հուշարձանները, գերեզմանոցները, մզկիթներն և հնագույն բնակավայրերը»։

Կարդացեք նաև

«Տարածաշրջանի պատմությունն ու մշակութային լանդշաֆտը խեղաթյուրելուն և վերաշարադրելուն ուղղված այս ավերիչ գործողություններն անհանդուրժողականություն և ռասիզմի դրսևորումներ են»,- ընդգծել է նա։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար։

«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,- այսպիսի պնդմամբ է հանդես եկել Ալիևը։

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը և դրա վրա կառուցում է պետական քաղաքականություն, մինչդեռ ՀՀ իշխանությունները քարոզում են մոռանալ պատմական Հայաստանի՝ Արևմտյան Հայաստանի, Հայոց ցեղասպանության, Արցախի կորստի, արցախահայության հայրենազրկման մասին, կենտրոնանալով, այսպես կոչված, իրական Հայաստանի վրա։ Ադրբեջանցիներն իրենց ՀՀ-ում, այսպես կոչված, «պատմական հողեր» վերադառնալու հարց են բարձրացնում, մինչդեռ ՀՀ իշխանությունները երկու տարի առաջ հայրենազրկված, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի թեման որևէ ձևաչափով չեն բարձրացնում, դրա համար հնարավորություններ չեն ստեղծում և անհրաժեշտ միջազգային աշխատանք չեն տանում։

Վերջերս նույնիսկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցում Փաշինյանը, բացի Հայաստանի Անկախության հռչակագիրը քննադատելուց, արդեն նույն հարթության վրա դիտարկեց Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում»,- հայտարարել էր Փաշինյանը՝ ըստ էության կանաչ լույս վառելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների համար։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը հստակ նախանշած թիրախներ ունի, որոնց վրա կառուցում է քաղաքականությունն ու դիվանագիտությունը՝ փորձելով հերթով լուծել իր առջև դրված խնդիրները։

Նրա խոսքով, մի քանի տարի առաջ ԼՂ-ի հետ պատահածը նման ձևով նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել։

«Կար վտանգ ռազմական գործողությունների և այլն, սակայն այն, որ այսպիսի պատկերի առջև կկանգնի ռեգիոնը, բարդ էր կանխատեսել։ Նման զարգացումներն են ադրբեջանական կողմին վստահություն տալիս բարձրացնելու ամենամարտահրավերային հարցերը, որոնք կարելի էր միայն երազում պատկերացնել։  Չէ՞ որ այս թեման հակամարտության առաջին օրվանից չի հայտնվել օրակարգում, այն վերջին տարիներին է առարկայացել, անընդհատ փոքր-փոքր հայտարարություններով փորձ է արվել բացել նման թեմա, որից հետո էլ վրա է հասել պահանջներ բարձրացնելու պահը։ Նման տրամաբանությամբ կարելի է անվերջ նոր պահանջներ բերել բանակցային սեղան»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։

Նրա գնահատմամբ՝ սա միանշանակ Երևանի վարած դիվանագիտության հետևանքն է, որի գլոբալ դրսևորումն Անդրկովկասի համար Արևմուտքի նախանշած սցենարով առաջ գնալն է։

«Հայաստանը վերջին տարիներին դիրքավորվել է՝ որպես արևմտամետ երկիր, հարաբերություններ է խորացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, արևմտյան հովանու ներքո բանակցություններում ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հայտարարվում էր հակառակի մասին։ Ուստի, երբ նման հայտարարություններ են հնչում, Արևմուտքում չե՞ն լսում դրանք։

Բնականաբար, լսում են, ինչպես և լսում են այն հայտարարությունները, որ ԵՄ դիտորդները պետք է դուրս գան ռեգիոնից, և ոչինչ պատրաստ չեն անել այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Արեշևի խոսքով, Երևան-Բաքու հարթությունում հետպատերազմյան փուլում, այն փուլում, երբ Արևմուտքն է վարել բանակցությունները, որևէ պայմանավորվածություն չի պահպանվել, բանակցային որևէ կարմիր գիծ չի պահպանվել, պահանջների նախնական ցանկն անընդհատ ավելացել է։

«Գործընթացը բարդացել ու երկարաձգվել է, համաձայնագիրը չի ստորագրվել և, կարծում եմ՝ առաջիկայում ևս չի ստորագրվելու։ Սակայն այս բոլոր իրավիճակների գլխավոր խնդիրն այն է, որ Երևանն այս ամենում խնդիր չի տեսնում, բացի այդ՝ որևէ հարց չի բարձրացնում թեկուզ ղարաբաղահայության իրավունքների վերաբերյալ՝ այն դեպքում, երբ պետք է հարցի ուղղությամբ զբաղվել, քանի դեռ թեման չի մոռացվել։ Չկա բանակցային հավասարակշռություն, և այս իրավիճակում պահանջների վերջ կլինի՞, թե՞ ոչ, բարդ է ասել»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս