Բլինքենը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներով՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Վրաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կասեցնելու դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնությունների համար և Թբիլիսիին սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ։ Այս մասին նշված է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ…. Խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվեն», – ընդգծել է պետքարտուղարը:

Բլինքենը Վաշինգտոնի համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ իշխանություններին սպառնալով նոր պատժամիջոցներով։

«Բացի նրանից, որ մենք կշարունակենք երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել ենք, ԱՄՆ-ն այժմ նաև պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցներ», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները հետաձգելու Թբիլիսիի որոշման և ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս