
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և ընդգծել Հայաստանի կողմից արտահայտված պատրաստակամությունը՝ ավարտին հասցնել երկկողմ պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները։