
Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը

Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին և հայտարարել, որ Վաշինգտոնը պետք է համաշխարհային հանրությանը պատմի ամբողջ աշխարհում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանին։
«Միացյալ Նահանգները պետք է արագ արձագանքի միջազգային հանրության ողջամիտ մտահոգություններին, ակտիվորեն կիսի տվյալներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ երկրում ենթադրյալ հիվանդությունների դեպքերի մասին, բացահայտ խոսի Ֆորտ Դետրիկի և ամբողջ աշխարհում իր կենսաբանական լաբորատորիաների մասին», – ասել է Լին Ցզյանը:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլևս այլ երկրներին չարատավորել։ Լին Ցզյանը հիշեցրել է, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դաշնային և նահանգային մակարդակներում կորոնավիրուսի համավարակին արձագանքելու միջոցառումների մասին զեկույց էր ներկայացրել, որում նշվում էր, որ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։