Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ.

«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, երաշխավորելու հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։

ՄԻՊ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Դրանք մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. պարբերաբար ներկայացվում են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվում և հասցեագրվում են պետական իրավասու մարմիններին:

Այս համատեքստում կարևոր է, որ պետությունը իր որոշումներում և գործողություններում առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներով։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը բոլորիս հավաքական պատասխանատվությունն է»։

Տեսանյութեր

Լրահոս