Քուրդ հայտնի հրամանատարը ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հրավիրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրավերը մեծապես վրդովեցրել է թուրքական մամուլին: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել նրանց դեմ Սիրիայում:
Հայտնի է նաև, որ Թրամփն ու Քոբանին ունեն գործընկերային հարաբերություններ, որը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Անկարան մի քանի անգամ Թրամփի վարչակարգից պահանջել էր հանձնել Քոբանիին, սակայն Վաշինգտոնը մերժել էր թուրքական կողմի պահանջը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը: