
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճանաչել Մայա Սանդուին

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ճանաչել ընտրված նախագահ Մայա Սանդուի մանդատը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլենի հայտարարությունը։
«Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է՝ հաստատել 2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, ճանաչել Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում։ Որոշումը վերջնական է, այն չի կարող բողոքարկվել և ուժի մեջ է մտնում ընդունման օրը», – ասել է Դոմնիկա Մանոլեն։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 3-ին, հանրապետության ղեկավարն ընտրվել է չորս տարի ժամկետով։
Երկրորդ փուլում նախագահական ընտրություններում պայքարել են երկրի նախագահ Մայա Սանդուն և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն։Ընտրությունների արդյունքում Մայա Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը, Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։