Հունգարիայում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին Երևանի և Բուդապեշտի միջև վերականգնվեցին դիվանագիտական շփումները, որոնք սառեցվել էին 2012 թ., երբ հունգարական կողմը Բաքվին էր արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովին։

2022 թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան կարևոր նշանակություն ունի որպես ԵՄ անդամ երկիր։

«2024 թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտել Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը։

Ըստ որոշման` դեսպանության ստեղծումը 2024 և 2025 թթ. պետական բյուջեներում հավելյալ ծախսեր չի առաջացնի, և Հունգարիայում ՀՀ դեսպանության ստեղծման և պահպանման բոլոր ծախսերը կիրականացվեն ՀՀ ԱԳՆ բյուջետային ծախսերի տնտեսումների հաշվին:

 

Տեսանյութեր

Լրահոս