Բաժիններ՝

Հարավային Թուրքիայի սիրիական եկեղեցում անցկացված յոգայի դասընթացը զայրույթ է առաջացրել

Յոգայի սեանսը, որը անցկացվել է պատմական ասորական եկեղեցում՝ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում, քննադատությունների ալիք է բարձրացրել Թուրքիայում և արտերկրում գտնվող ասորական համայնքի շրջանում՝ որպես «անհարգալից գործողություն»։ Այս մասին հայտնում է հայկական Ակոս շաբաթաթերթը։

Միջոցառումը, որը կազմակերպել էր յոգայի հրահանգիչ Սեդա Դելիօրմանլին, տեղի է ունեցել Մարդինի Սավուր շրջանի Դերեչի (Քիլլիթ) գյուղի Մոր Յուհանոն ասորական ուղղափառ եկեղեցում։ Սեանսից հետո Դելիօրմանլին իր սոցիալական ցանցերում կիսվել է լուսանկարներով, որտեղ մասնակիցները յոգա են անում եկեղեցու ներսում։

Լուսանկարները արագորեն առաջացրել են հակազդեցություն, և շատերը մեղադրել են կազմակերպիչներին սուրբ վայրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։

«Նրանք եկել էին Մարդինի Սավուր շրջան՝ հայտնելով, որ դա մշակութային այց է, սակայն Դերեչիի ասորական եկեղեցում յոգա կատարեցին։ Մենք դատապարտում ենք այս անհարգալից արարքի մասնակիցներին։ Սրբավայրերը երբեք չպետք է այսքան անտարբեր վերաբերմունքի արժանանան»,–սոցիալական հարթակ X-ում գրել է Ասորական մշակույթ օգտահաշիվը։

Շվեդիայում բնակվող ասորի Գաբրիել Աղիրմանը իր վրդովմունքն է հայտնել Ակոսին, նշելով, որ խմբի որոշումը՝ յոգայի սեանս անցկացնել եկեղեցում, «շատ անհարգալից և վիրավորական» է ասորիների համար։

«Որևէ կրոնի պաշտամունքի վայրը չպետք է նման գործողությունների ենթարկվի։ Մենք՝ որպես համայնք, պաշտպանում ենք ազատությունը, բայց այդ ազատության հետ միասին գալիս է նաև պատասխանատվությունը։ Մենք դեմ ենք պաշտամունքի վայրերի ցանկացած չարաշահման»,–ավելացրել է Աղիրմանը։

Աղիրմանը նաև քննադատել է Դելիօրմանլիի ներողությունը՝ նշելով, որ այն բավարար չափով չի անդրադառնում իրավիճակի լրջությանը։

Յոգայի հրահանգիչը իր ներողության մեջ նշել է, որ երբեք չէր անցկացնի «կարճ յոգայի սեանս, որը կազմակերպվել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո», եթե կանխատեսեր, որ նույնիսկ մեկ մարդ կարող էր նեղսրտել։

«Ես երբեք չէի անհարգի որևէ հավատք, արժեք կամ մշակույթ։ … Հույս ունեմ, որ կվստահեք այն անկեղծ զղջմանը, որը ես զգում եմ՝ նման հատուկ և կարևոր վայրում լավ մտադրություններով և օտար երկրներում պաշտամունքի վայրերից ներշնչված այս միջոցառումը կազմակերպելու համար», – նշել է Դելիօրմանլին։

Այս եկեղեցին, որը մշակութային ժառանգության հուշարձան է ճանաչվել Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, Թուրքիայում ամենահին եկեղեցիներից է՝ ունենալով ավելի քան 1,700 տարվա պատմություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս