Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 16 տարեկանից ցածր անձանց համար սոցիալական ցանցերն արգելելու՝ կառավարության առաջարկած օրինագծին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Օրենսդրության շուրջ քվեարկությունը կայացել է՝ չնայած Google-ի և Meta-ի խնդրանքներին՝ հետաձգել այն։Օրինագծին հավանություն է տվել 115 պատգամավորից 102-ը։ Կառավարության առաջարկին դեմ քվեարկած 13 խորհրդարանականների թվում են «Կանաչները» և մի շարք անկախ պատգամավորներ։
Մոտ օրերս օրինագիծը կներկայացվի վերին պալատ, որտեղ, հավանական է, կստանա նաև սենատորների մեծամասնության հավանությունը:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը, որն օրինագիծն անձամբ է ներկայացրել խորհրդարանականներին, հայտարարել է, որ ակնկալում է «դրա անվերապահ հաստատումը» մինչև շաբաթվա վերջը:Ավստրալիայի կառավարության առաջարկած օրինագծով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: Տարիքային սահմանափակումներ կկիրառվեն այնպիսի սոցիալական հարթակների վրա, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը, X-ը և այլն։ Ավստրալիան նախատեսում է տարիքը ստուգելու այնպիսի համակարգ, որը կարող է ներառել կենսաչափական տվյալներ կամ այլ նույնականացում՝ արգելքն իրագործելու համար։