
Թրամփը և Բայդենը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս սկսել իշխանության փոխանցումը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը համաձայնագիր է ստորագրել Սպիտակ տնից հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, որը ճանապարհ է բացում իշխանության պաշտոնական փոխանցման համար: Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Այս գործողությունը մեր Կաբինետի համար առաջարկված թեկնածուներին թույլ է տալիս սկսել կարևոր նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ յուրաքանչյուր վարչությունում և գործակալությունում թիմերի տեղակայմամբ, և ավարտին հասցնել իշխանության փոխանցումն՝ ըստ նախատեսված կարգի», -հայտարարության մեջ ասել է Սյուզի Ուայլսը, որին Թրամփը նշանակել է իր աշխատակազմի ղեկավար:
Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ դաշնային գործակալությունները ցուցումներ կստանան՝ նպաստելու Թրամփի թիմի հետ տեղեկատվության անվտանգ փոխանակմանը:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն աշխատանքը կդադարեցնի 2025 թ. հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։