ԱՄՆ արդարադատության նախարարությունը Google-ից պահանջում է վաճառել Chrome-ը. Bloomberg
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակամենաշնորհային հայցի շրջանակներում պահանջում է Google-ից վաճառել իր Chrome բրաուզերը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ դատարանը ընկերությանը մոնոպոլ էր ճանաչել։ Այդ ժամանակից ի վեր հակամենաշնորհային կարգավորիչները որոշում են՝ ինչ միջոցներ ձեռնարկել ընկերության հակամրցակցային գործելակերպը վերացնելու համար:
Նախարարությունը նախատեսում է դիմել դատարան՝ ստիպելու Google-ին վաճառել ամենահայտնի վեբ բրաուզեր Chrome-ը: Chrome-ի ինտեգրումը Google Search-ի և Google-ի այլ արտադրանքների հետ նշվում է որպես որոնման մեջ մրցակցությունը սահմանափակող գործոններից մեկը:
Կարգավորիչները նաև ցանկանում են, որ Google-ն առանձնացնի իր Android օպերացիոն համակարգը այլ արտադրանքներից, ինչպիսիք են Google Search-ը և Google Play Store-ը, որոնք սովորաբար լռելյայն տեղադրված են Android սարքերում: Սկզբում պլանավորվում էր, որ Google-ից կարող էր պահանջվել վաճառել Android-ը, սակայն հետագայում այդ պահանջը հանվել է:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջարկում է Google-ից պահանջել արտոնագրել տվյալները և թույլատրել որոնման արդյունքներն ազատորեն հավաքել Google Search-ում: Սա մրցակիցներին և AI ստարտափներին հնարավորություն կտա բարելավել իրենց ալգորիթմները և ստեղծել որոնման ինդեքսներ: Դա կարող է նաև Google-ին ստիպել ավելի շատ տվյալներ կիսել գովազդատուների հետ՝ նրանց ավելի շատ վերահսկողություն տալով:
Google ընկերությունն այլևս չի կարողանա բացառիկ գործարքներ կնքել, ինչպիսին Apple-ի հետ համաձայնագիրն է 2022 թվականին. Google-ը Safari-ում 20 միլիարդ դոլարով ապահովել է որոնման համակարգի լռելյայն կարգավիճակ:
Նշվում է, որ Google-ը վիճարկում է հակամենաշնորհային որոշումը, և գործը վարող դատավորը նախատեսում է երկշաբաթյա լսումներ անցկացնել 2025 թվականի ապրիլին՝ քննարկելու, թե ինչ փոփոխություններ է նախատեսում կատարել ընկերությունը։ Վերջնական որոշումը սպասվում է 2025 թվականի օգոստոսին։