Բաժիններ՝

Պենտագոնը չի հաստատել լուրերը, որ Կիևին թույլատրվել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքերը

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հրաժարվել է հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային արտոնել է ամերիկյան հրթիռներն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար:

«Այս պահին ես հայտարարելու կամ հաստատելու ոչինչ չունեմ: Եթե ինչ-որ բան ունենանք հանրությանը հաղորդելու, մենք դա կանենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ ի պատասխան լրագրողների խնդրանքներին՝ խոսելու ուկրաինացիների համար ATACMS հրթիռների օգտագործման սահմանափակումները վերացնելու որոշման մասին։

Սինգհն, այդուհանդերձ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ի սկզբանե Ուկրաինային ապահովում է անհրաժեշտ ամեն բանով» և կշարունակի աջակցել Կիևին՝ հաշվի առնելով նրա «կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները»։

Պաշտոնյան, պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատված միջուկային զսպման նոր դոկտրինի հետ կապված հարցերին, հայտարարել է, որ Վաշինգտոնը «ոչ մի նշան չի տեսնում այն բանի, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում», բայց մտադիր են «շարունակել վերահսկել դա»:

«Մենք նաև մեր սեփական միջուկային քաղաքականության մեջ որևէ փոփոխության անհրաժեշտություն չենք տեսնում», – ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չէ»։

Սինգհը նաև հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ նոյեմբերի 19-ին Բրյանսկի մարզում ATACMS հրթիռներ են խոցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս