
ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա։ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Այսուհետ ԱՀԾ-ին կվերապահվի պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ։
Այս պահին նման լիազորությամբ օժտված է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել ԱԱԾ–ի և ԱՀԾ–ի լիազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն Ազգային ժողովում։