Թրամփը Քենեդիին առաջադրել է ԱՄՆ գլխավոր առողջապահական գերատեսչության ղեկավարի պաշտոնի համար
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիին ընտրել է Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը գլխավորելու համար։ Այս մասին Թրամփը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր դերն է, և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը մեծ դեր կխաղա՝ ապահովելու, որ բոլորը պաշտպանված լինեն վնասակար քիմիական նյութերից, աղտոտող նյութերից, թունաքիմիկատներից, դեղագործական արտադրանքներից և սննդային հավելումներից, որոնք նպաստել են այս երկրում առողջապահական ահռելի ճգնաժամին», – գրել է Թրամփը։
Ավելի ուշ, ըստ Reuters-ի, Թրամփն իր Մար-ա-Լագոյի նստավայրում ելույթի ժամանակ գովել է Քենեդիին՝ նշելով, որ նա իր նոր պաշտոնում «անհավատալի» բաներ կանի։
Իր հերթին X-ում հրապարակված գրառման մեջ Քենեդին խոստացել է աշխատել քրոնիկ հիվանդությունների վերացման ուղղությամբ, վերացնել կոռուպցիան և տրամադրել ամերիկացիներին այն տվյալները, որոնք անհրաժեշտ են տեղեկացված որոշումներ կայացնելու համար՝ խոստանալով Թրամփին, որ կաշխատի «Ամերիկան կրկին առողջ դարձնելու» ուղղությամբ:
Ռոբերտ Ֆրենսիս Քենեդին, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի եղբորորդին է, նախագահական ընտրություններում առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, սակայն օգոստոսին դուրս եկավ մրցապայքարից և իր աջակցությունը հայտնեց Թրամփին՝ նրա վարչակազմում պաշտոնի դիմաց։
ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության 2024 ֆինանսական տարվա բյուջեն եղել է 3,09 տրիլիոն դոլար, ինչը կազմում է ԱՄՆ դաշնային բյուջեի 22,8%-ը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրելու մասին։
Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ ընտրված նախագահն առաջադրել է Fox News-ի հաղորդավար և վետերան Փիթ Հեգսեթին։
Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նա առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյին։