Բաժիններ՝

Բեռնատար գնացքի և ավտոմեքենայի 2–րդ բախումն է եղել վերջին 24 ժամում. կա տուժած

Վերջին 24 ժամում բեռնատար գնացքի ու թեթև մարդատար ավտոմեքենայի միջև արդեն 2-րդ վթարն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ից։

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 13-ին` ժամը 22։50-ի սահմաններում, Վարդենիս–Մեծ Մասրիկ (Գեղարքունիքի մարզ) ճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Մերսեդես» մակնիշի մեքենան։

Վերջինիս վարորդը` 24-ամյա Զավեն Մանուկյանը, ոչ սթափ վիճակում է եղել ու վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Երկրորդ վթարը գրանցվել է նոյեմբերի 14-ին` ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին թաղամասում` երկաթուղային գծանցումի մոտ։ Բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:

ՀԿԵ–ից տեղեկացրին, որ Սոթք ուղևորվող բեռնատար գնացքի արգելակման համակարգն է վնասվել և մի քանի ժամ անց, երբ լրացուցիչ վագոններ են բերվել, այդ ժամանակ է միայն հնարավոր եղել ճանապարհը շարունակել։ Թեթև մարդատար մեքենայի վարորդը տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց։

ՓԲԸ–ից նաև հայտնեցին, որ ընթացիկ տարում գնացքների և մեքենաների մասնակցությամբ վթարների թիվն ավելացել է։ Տարեսկզբից մինչ օրս գրանցվել է 11 պատահար, ինչը 3-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀԿԵ–ն քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային ճանապարհով անցնելու կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս