Թուրքիայում անհանգստացած են պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի հնարավոր նշանակմամբ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ապագա նախագահի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։
«Նա կդառնա մեր ժողովրդի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների հավատարիմ ընկերը և մեր հակառակորդներին երբեք չզիջող անվախ մարտիկը»,- ըստ ermenihaber.am-ի՝ նշել էր Թրամփը։
Իր թեկնածության առաջադրման լուրը հաստատել է նաև անձամբ Ռուբիոն՝ X-ի էջում գրելով․
«ԱՄՆ Պետդեպը ղեկավարելն ահռելի պատասխանատվություն է, և ինձ համար պատիվ է այն վստահությունը, որ նախագահ Թրամփը ցուցաբերել է իմ հանդեպ։ Պետքարտուղարի պաշտոնում յուրաքանչյուր օր աշխատելու եմ նրա արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելու համար։ Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն կապահովենք ուժի միջոցով և միշտ վեր կդնենք ամերիկացիների ու ԱՄՆ-ի շահերը ամեն ինչից։ Անհամբեր սպասում եմ ԱՄՆ Սենատի իմ գործընկերների աջակցությանը, որպեսզի նախագահն ունենա իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմը, երբ կստանձնի պաշտոնը»:
Այս տեղեկությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ: