Թրամփը հսկայական միլիոններով չի ֆինանսավորի Հայաստանի հակառուս գործակալական ցանցը. Արթուր Խաչիկյան
Երեկվանից Ադրբեջանում մեկնարկել է COP29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը), որը Բաքվում է կայանում բացառապես Հայաստանի՝ սեփական թեկնածությունը հանելու շնորհիվ, սակայն անգամ այս միջոցառումն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում է ի լուր աշխարհի ցույց տալով իր ատելությունը հայերի նկատմամբ. նշեմ, որ COP29 գագաթնաժողովը տեղի է ունենում մի սրահում, որի անունը «Ղարաբաղ» է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների արդունքում հնարավոր խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության հարցին, նման տեսակետ հայտնեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Այդ մարդը մինչև իր կյանքի վերջին վայրկյանն ատելու է և ստորացնելու է հայերին։ Տեսեք՝ որքա՞ն մենք զիջումներ արեցինք և ի՞նչ ստացանք. ոչի՛նչ։ Նա ատում է հայերին, որովհետև իր հոր վրեժն է հանում մեզանից՝ անկախ նրանից, թե որքան բան է զիջում Հայաստանի իշխանությունը»,- ասաց Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն իրականում Ալիևի հետ կնքելու է ոչ թե «Խաղաղության», այլ ամեն ինչ զիջելու պայմանագիր, որովհետև Ալիևի նպատակը, խոշոր հաշվով, անգամ «Սյունիքով միջանցք» ստանալը չէ։
«Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Հայաստանի վերացումն է, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը միավորվեն։ Պատերազմ Հայաստանի դեմ լինելու է, և պատահական չէ, որ Իսրայելից ամեն շաբաթ Ադրբեջան են հասցնում զինատեսակներ, ավելին՝ Ադրբեջանին հիմա նաև Եվրոպան է զինում»,- ասաց Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ԱՄՆ-ում նախագահ, միաժամանակ զուր են հայաստանյան որոշ շրջանակների ակնկալիքները, թե Հայաստանի դեմ պատերազմը կկանխվի, կամ Հայաստանի վերաբերյալ դրական ուղղությամբ կփոխվի ամերիկյան քաղաքականությունը։
Ըստ Խաչիկյանի՝ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որոշ բացառություններով, կմնա նույնը։
«Թրամփը հսկայական միլիոններով չի ֆինանսավորի Հայաստանի հակառուս գործակալական ցանցին։ Թրամփի ինչի՞ն են նրանք պետք։ Նա հարյուր-միլիոնավոր դոլարներ քամուն չի տա, որ Հայաստանի եվրոշամանները խոսեն»,– ասաց Խաչիկյանը՝ շեշտելով՝ Հայաստանի համար ավելի վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծվել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահը պրոիսրայելական է, հետևաբար՝ օդում կախված է իրանա-իսրայելական պատերազմը։
«Իսրայելը կարող է ագրեսիվ գործողությունների գնալ Իրանի նկատմամբ, ուստի պրոիսրայելական Թրամփը կարող է խրախուսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, ինչի պարագայում իրավիճակը Սյունիքի մասով կփոխվի։ Իրանը նման զարգացման պարագայում չի զսպի Թուրքիային և Ադրբեջանին, և այդ դեպքում մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանն ուժով կլուծի Սյունիքի խնդիրն իր համար»,- ասաց Արթուր Խաչիկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։