Ի՞նչ է սպասվում Երևանին ու Բաքվին COP29-ից հետո

Մինչ Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային համաժողովը, Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում։

Երևանը դեռ վերջնական որոշում չունի համաժողովին մասնակցելու վերաբերյալ՝ դա պատճառաբանելով ընթացիկ բանակցություններով, իսկ Բաքուն դա համարում է «Երևանի գործը»։

Սակայն ընդհանուր առմամբ մերձիշխանական մամուլը, մի շարք պաշտոնյաներ մեծ լարվածությամբ են արձագանքում Բաքու չմեկնելու՝ Երևանի այս պահի որոշմանը։ Ադրբեջանի իշխանության հովանավորչությամբ անդադար քարոզչություն է իրականացվում, իբրև թե Երևանը խոչընդոտում և արշավ է իրականացնում Բաքվում կայանալիք COP29-ի դեմ, թեև ՀՀ իշխանությունները պնդում են, որ իրենց դիրքորոշումն է հնարավոր դարձրել համաժողովի կայացումը Բաքվում։

Չնայած այս ամենին, Բաքվում իշխանության մակարդակում թշնամանք է սերմանվում Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ։

Կարդացեք նաև

Սրան զուգահեռ՝ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցվել են Հայաստանի հետ։

«Ես հիմա չեմ ուզում թվերը հրապարակել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ավելացրել է նա:

Նրա խոսքով, վերջնական համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից։ Բայրամովը նաև ասել է, որ իբրև ադրբեջանական կողմն այս գործընթացի նախաձեռնողն է և շահագրգռված է այն ավարտին հասցնելու հարցում։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների՝ կապված համաժողովին մասնակցելու հետ, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը COP29-ին։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- նշել է նա։

Օրերս էլ ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը փորձել էր գաղտնազերծել չհամաձայնեցված կետերը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել էր, որ այդ կետերը վերաբերում են 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայված եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջազգային իրավական վեճերի բացառմանը։

Նրա խոսքով, երրորդ չհամաձայնեցված կետը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Ուշագրավ է, սակայն, որ չնայած նման պահանջներին և Ադրբեջանի հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանությանը, Ալիևը բավականին ջերմ խոսքերով է Բաքվում ընդունել Երևան-Բաքու բանակցությունների երբեմնի միջնորդ, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու COP29 համաժողովին։

Ի դեպ, Միշելի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Եվրոպայում, ում քննադատում են ցեղասպան Ալիևին շնորհավորանքների համար։ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել նրան COP29-ը հյուրընկալելու կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը։ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշելի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում, և ընդգծել, որ հենց նրա միջնորդության ժամանակ է ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածքը, ինչպես նաև կարևոր ուղղությունների օրակարգը։ Եթե Ալիևն ավելի անկեղծ լիներ, թերևս, շնորհակալություն կհայտներ Միշելին «Արցախն առանց հայերի» ծրագրի իրագործման համար, քանի որ հենց Միշելի միջնորդությամբ Ալիևը ստացավ իր ցանկացածը և երես թեքեց բանակցային այդ հարթակից՝ ներկայումս նոր պայմաններ փորձելով թելադրել Երևանին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը հակամարտության՝ իր համար ամենակարևոր կետը ստացել է Երևանի ու Բաքվի՝ Բրյուսելում և Պրահայում բանակցությունների ընթացքում, երբ Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ԼՂ-ն։

Նրա կարծիքով, Երևանը սա արել է՝ գոնե հույս ունենալով, որ այս հարթակում էլ կկնքվի համաձայնագիրը և իբրև թե հակամարտությանը վերջ կդրվի Հայաստանի արևմտյան հեռանկարով, սակայն Ադրբեջանն այստեղ էլ ճանապարհի կեսից՝ այն հատվածից, որտեղ պետք է կարգավորման քաղաքական կամք ցուցաբերեր, հրաժարվեց այդտեղ բանակցություններից, որից հետո կողմերը սկսեցին բանակցել Վաշինգտոնում, իսկ ներկայումս ընդհանրապես քննարկում են ուղիղ, ինչը ևս ձեռնտու է Ադրբեջանին։

«Տեսնում ենք, որ բացի սահմանազատման փաստաթղթի համաձայնեցումից, Երևանն ու Բաքուն չեն կարողանում ավարտին հասցնել Խաղաղության համաձայնագիրը, Արևմուտքը դուրս է մղված գործընթացից, Երևանը հայտարարել է ԵՄ անդամակցության մասին, ՌԴ առաջարկը՝ միջնորդել բանակցություններում, չի ընդունվում՝ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Եվ ըստ էության հատկապես Երևանի համար փակուղային իրավիճակ է ստեղծվել, քանի որ Բաքուն անընդհատ իր օրակարգն է առաջ մղում»,- նկատեց Արեշևը։

Նրա խոսքով, միջազգային նման միջոցառումները ևս սովորաբար օգտագործվում են սեփական նպատակներով և լայնորեն քարոզչություն է իրականացվում։

Արեշևի կարծիքով, մինչև տարեվերջ առաջընթաց և պայմանավորվածություն պետք չէ սպասել։ «Տարեսկզբից ավելի ակտիվ բանակցային փուլ կսկսվի, կարծում եմ, ու բավականին ակտիվ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս