Պեկինը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները
Չինաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում առկա խնդիրների խաղաղ լուծմանը և հույս ունի, որ տարածաշրջանի երկրներն առաջին հերթին քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ արտահայտելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր վերաբացման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։
«Չինական կողմը, իհարկե, պաշտպանում է այն դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման և խաղաղ համակեցության հնարավորություն լինի», – ասաց Չեն Մինը։ Նա նաև հույս հայտնեց, որ Հարավային Կովկասի երկրները կկարողանան քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։
«Ինչպես արդեն նշեցի, Չինաստանը շատ է հետաքրքրված, որ չինական առաջատար կազմակերպություններն իրենց մասնակցությունն ունենան տարածաշրջանի տնտեսական կյանքում և բարձր տեխնոլոգիաների զարգացման ու այլ ոլորտներում։ Եվ, քանի որ մենք այդ ամենով հետաքրքրված ենք, հետևաբար, մենք նաև պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծմանը», – նշեց Չեն Մինը։