
Հայաստանը գրանցվել է COP29-ին մասնակցելու համար, սակայն պատվիրակությունը չի ժամանել. Հաջիև

Հայաստանը գրանցվել է Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Բաքուն հրավերներ է ուղարկել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի բոլոր կողմերին։
«Ցավոք, Հայաստանը ներկայացված չէ COP29-ում, թեև հայկական պատվիրակությունը գրանցվել էր համաժողովին մասնակցելու համար»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ նա Երևանին մեղադրել է միակողմանի քարոզչություն անելու մեջ։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: