Լավրովը շիզոֆրենիկական է անվանել Զելենսկու «հաղթանակի պլանը»
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շիզոֆրենիկական է անվանել Վլադիմիր Զելենսկու այսպես կոչված խաղաղ պլանը, այն խաղաղություն չի բերի Եվրոպային, ինչպես եւ նրա փակուղային այլ բանաձեւերը։
«Վերջերս [Ուկրաինայի] խորհրդարանն արգելել է կանոնիկ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ Կանոնադրության առաջին հոդվածը պահանջում է հարգել մարդու իրավունքները, անկախ, ինչպես գրված է այնտեղ, ցեղից, սեռից, լեզվից եւ կրոնից։ Բայց կանոնադրության այդ կոպտագույն խախտման առջեւ Կիեւի ռուսատյաց ռեժիմի կողմից Արեւմուտքը փակում է աչքերը՝ շարունակելով պատրաստել Զելենսկու փակուղային, ես անգամ կասեի՝ բութ «խաղաղության բանաձեւը», որը Ռուսաստանի կապիտուլյացիայի կոչ է անում։ Իսկ մեկ-երկու շաբաթ առաջ այդ քաղաքացին հրապարակել է նույնքան շիզոֆրենիկական «հաղթանակի պլանը»։ Հասկանալի է, ոչ բանաձեւը, ոչ պլանը, ոչ ֆանտազիաները ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ չեն մոտեցնում խաղաղությունը Եվրոպայում»,- նշել է նախարարը Մինսկի եվրասիական անվտանգության 2-րդ միջազգային համաժողովում։
Լավրովի խոսքով՝ կայունությունը Եվրաիայի այդ հատվածում ձեռք կբերվի միայն «երկարատեւ, հուսալի երաշխիքների ապահովման պայմանով անվտանգության ոլորտում»։ «Դե, օրինակ, այն տեսքով, ինչպես դրանք ներկայացվել էին 2021թ. դեկտեմբերի մեր նախաձեռնություններում եւ մերժվել էին Արեւմուտքի կողմից,- շարունակել է նա։- ՆԱՏՕ-ին արդեն քիչ է այս պատերազմը, որը նա սանձազերծել է Ռուսաստանի դեմ Կիեւի անօրինական իշխանության կողմից։ Նրան քիչ է նաեւ ԵԱՀԿ ողջ տարածքը։ Հիմա ԱՄՆ-ը եւ նրա արբանյակները փորձում են դիմակայության ասպարեզ դարձնել ողջ Եվրասիան։ Դաշինքը իր փաստաթղթերում գրել է, որ սպառնալիքներն իր հասցեին բխում են նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, ներառյալ Հարավչինական ծովը, Թայվանի նեղուցը»։
Լավրովն ավելացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադրվում է հաստատել իր ռազմական գերիշխանությունը ոչ միայն Եվրոպայում, այլեւ Եվրասիայի արեւելքում։ «ՆԱՏՕ-ն ներդրվում է այդ տարածաշրջանում հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունների կարգախոսի տակ՝ ջնջելով ներառական մեխանիզմները»,- ամփոփել է նա։