Անհաջողակ հեծանվորդի արկածները Գյումրիում
Այս շաբաթ Հայաստանում արձանագրվեց իշխանության բռնազավթման հերթական դեպքը։ Գյումրիի ընտրված քաղաքապետը, ապա նրա թիմի ավագանու անդամները հրաժարական ներկայացրեցին։ ՔՊ-ն գրավեց նաև Գյումրին։ Խոսքը ոչ թե երկրորդական ինչ-որ համակարգում ինչ-որ պաշտոնի կուսակցականացման, այլ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ընտրված իշխանության տապալման մասին է՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Մեխանիզմը հայտնի է՝ իրավապահ մարմինները «հիշեցին» Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանին առնչվող մի քանի տարվա վաղեմության քրեական գործը, ձերբակալեցին նրա որդուն ու մերձավորներին, հետախուզում հայտարարեցին Բալասանյանի նկատմամբ, և հաշված օրերի ընթացքում վերջինս իր հովանավորյալ քաղաքապետին ու ավագանուն ստիպեց հրաժարական ներկայացնել։
Այսինքն՝ իշխանությունն ամենալկտի ձևով դիմեց շանտաժի և Բալասանյանի, նրա որդու ազատությունը վաճառեց քաղաքային իշխանությունը հանձնելու դիմաց։
Ամենայն հավանականությամբ, Բալասանյանների դեմ քրեական գործն առաջիկայում կկարճվի։ Կամ էլ չի կարճվի։ Բայց կարևորը տվյալ դեպքում ժամանակին ճակատին հայաստանյան բոլոր կուսակցությունների դրոշները դաջած Բալասանյանի անձը չէ, ոչ էլ հանրության մեծ մասի մոտ արմատացած համոզմունքը, որ նրան «հասնում էր»։
Խնդիրն այն է, որ իշխանությունն իրավապահ մարմիններին օգտագործում է գրեթե զինված բանդայի սկզբունքով, նրա միջոցով «օրինականորեն առևանգելով» իր համար թիրախ հանդիսացողի ընտանիքի անդամին և նրա ազատման դիմաց վերջինիցս խլում իշխանությունը։ Ըստ նույն ՔՊ-ի՝ ազատ ու արդար ընտրություններով ձևավորված իշխանությունը։
Ընդ որում, սա տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված պաշտոնյաներից իշխանություն խլելու միակ դեպքը չէ, նույնն ավելի լկտի ձևով եղել է Վանաձորում, վերջերս՝ Սիսիանում, բազմաթիվ այլ համայնքներում։
Խնդիրը, սակայն, առանձին քաղաքները չեն, այլ այն քաղաքական այլանդակությունը, որի միջոցով փաստացի բռնազավթվում է իշխանությունը բոլոր մակարդակներում ու բնակավայրերում։ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է ուղղաձիգ իշխանություն՝ իրեն հնազանդ իրավապահ մարմիններով, ոստիկանական ուժերով, որոնք օգտագործվում են երկրում քաղաքական իշխանության բոլոր օղակները տիրապետելու համար։
Որևէ քիչ թե շատ ժողովրդավարական երկրում սա իսկական քաղաքական սկանդալ կլիներ, կփոթորկեր քաղաքական դաշտը և կունենար հետևանքներ։ Բայց Հայաստանում քաղաքական սկանդալները սկսվում և ավարտվում են իշխանական պատգամավորների լեզվակռիվներով, հաջողակների ընթրիքների ու անհաջողակի հեծանվավազքի մասին քննարկումներով։
Ակնհայտ է, որ ՏԻՄ համակարգում իշխանության բռնազավթման նպատակն առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններն են, որոնց իշխանությունը պատրաստվում է ամենօրյա ռեժիմով։ Տիրապետելով գործնականում բոլոր ՏԻՄ-երին, բազմապատիկ հեշտանում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման հնարավորությունը՝ տեղերում բռնազավթված իշխանության միջոցով ամբողջական իշխանությունը բռնազավթելու համար։
Կայացած Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) համակարգը, որ ժողովրդավարական պետության ամենակարևոր ցուցանիշներից է, Հայաստանում հետևողականորեն դառնում է իշխանության սպասարկուն։ Իսկ իշխանության բռնազավթումը տեղի է ունենում հայաստանյան քաղաքական համակարգի, զանազան մակդիրներով ընդդիմությունների ու Հայաստանում «ժողովրդավարության կայացմամբ հիացող» միջազգային խաղացողների ու Հայաստանն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար խաղացնողների անվրդով հայացքի ներքո։
Հարություն Ավետիսյան