Իմ համոզմամբ՝ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է նույն այն ուժը, որը կանգնած էր 2018 թվականի իշխանազավթման գործընթացի ետևում. Գրիգորի Պողոսյան

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրացական ընտրական անցուդարձով խիստ հետաքրքրված մեր բարոյապես ամորֆ և կակղաբարո հասարակությունն այսօր խիստ հպանցիկորեն անդրադարձավ մեր համազգային ողբերգությանը, մինչդեռ՝ ուղիղ 25 տարի առաջ մեր ազգին բաժին ընկավ իր արդի պատմության մեծագույն ողբերգություններից մեկը, և եթե մեր պետության ղեկավար կազմն այդ արհավիրքից հետո ևս 19 տարի կարողացավ պահպանել ու ամրացնել պետականությունը, ազգային արժեհամակարգն ու գաղափարախոսությունն ստացած հարվածից այդպես էլ չվերականգնվեց։

Պարզվեց, որ Սպարապետն այն միակ ուժն էր, որ ազգային արժեհամակարգ էր ներարկում սպայական վերնախավի և առհասարակ՝ Հայրենիքի պաշտպան ցանկացած Հայի մեջ։ Վազգեն Սարգսյանի օրոք ազգայինը և մարդկայինը սերտաճած էին։ Ազգի ամոթը մարդու, անհատի ամոթն էր, ազգի պատիվը՝ անհատի պատիվը։ Սպարապետից հետո, նրա արյունը դեռ չսառած, նախկին ընկերներն սսկսեցին պաշտոններ շորթել, եղբայրը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ քույր, իսկ ազգից գարշահոտ շիթերի տեսքով դուրս ցայտեց մի տձև զանգված, որը պատրաստ էր հողն արծաթով ծախել։ Հողի համար կռիվ տվողները կամ վերացան, կամ գաղջացան։

Իմ համոզմամբ՝ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է նույն այն ուժը, որը կանգնած էր 2018 թվականի իշխանազավթման գործընթացի ետևում։ Երկրորդ և երրորդ նախագահներին այս ողբերգության հետ կապելն աբսուրդի ժանրից է։ Նախ՝ վեց տարին բավական էր այդ գործը բացահայտելու համար, սակայն այս վեց տարիների ընթացքում այդպես էլ որևէ փորձ չարվեց կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ և եթե նման կապ լիներ, այս վեց տարիների ընթացքում թրքահաճո իշխանավորները հաստատ կհիմնավորեին իրենց «տեսությունը»։ Համոզված եմ, որ իրական հետքերը տանելու են դեպի իրենց տերերը՝ թուրք-բրիտանական տանդեմը։ Փոխարենը, վերջին վեց տարիների ընթացքում նաիրի հունանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու համար մի քանի փորձ ձեռնարկվեց։
Ինչևէ… Հարկ է փաստել, որ կան հարվածներ, որոնցից հետո կարող է ոտքի կանգնել պետությունը, բայց ոչ ազգը. Հոկտեմբերի 27-ն այդ հարվածն էր։ Այդ ողբերգությունից 19 տարի անց սկսվեց ազգի վերջնական կործանումը, և դրա հիմնական պատճառն այն էր, որ Հոկտեմբերի 27-ի հեղինակներն իրենց ուզածին հասան 2018-ին։ Ու բարոյազրկված մասսան էլ սկսեց «սալյուտ խփել»՝ 2020-ի դեկտեմբերի 31-ին, նոյեմբերի 9-ին, սեպտեմբերի 27-ին ու… հոկտեմբերի 27-ին։

Քնե’ք։ Ձեզ Վազգեն ու Կարեն Սերոբիչ պետք չեն։ Դուք նիկոլի մազխաբից եք…
Հ.Գ. Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, Զեյթունում նորից հրավառություն է…»։

Տեսանյութեր

Լրահոս