Պետական բյուջեն բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Նիկոլ Փաշինյան

Սկսում ենք ՀՀ-ի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները և ուզում եմ այդ քննարկումները սկսել պետական բյուջեի ընկալման մի դիտանկունից, որը հատվածական քննարկել ենք, բայց համակարգված քննարկելու առիթ երբեք չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քննարկումը մեկնարկելու համար պետք է վկայակոչեմ հայեցակարգային մի քանի կարգախոս բանաձևեր, որոնք առաջարկել եմ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշա հեղափոխությունից առաջ և հետո: Այդ բանաձևերից առաջինը հետևյալն է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը»: Երկրորդը հետևյալն է՝ «հարստացիր և հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», չորրորդ բանաձևն է՝ «հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», հինգերորդը՝ «այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:

Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ ու այդ դիտանկյունց մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև Հայաստանի Հանարպետության պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- ասաց նա:

Փաշինյանը մեկնաբանեց պետական բյուջե հասկացությունը:

«Եվ ուրեմն ինչ է ՀՀ ետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են համայնքներն ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ: Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում, նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտները, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկների փաթեթեներ չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան:

Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է հայեցակարգային տրամաբանությամբ ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների ու բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս